ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ անցյալ շաբաթ անցկացված զրույցում առաջարկել է, որ եթե Միացյալ Նահագների մաքսատուրքերն առևտրի և ներգաղթի խնդիրները չլուծելու համար ի վիճակի են սպանել Կանադայի տնտեսությունը, ուրեմն գուցե այն դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը, աղբյուրներին վկայակոչելով՝ հայտնել է Fox News-ը։


Կանադական ապրանքների վրա հսկայական մաքսատուրքեր սահմանելու Թրամփի սպառնալիքից հետո անցյալ ուրբաթ Թրյուդոն չհայտարարված այցով մեկնեց Մար-ա-Լագո: Մասնավորապես, Թրամփը սպառնում է Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ 25 տոկոս մաքսատուրքեր սահմանել՝ այդ երկրներից ԱՄՆ անօրինական ներգաղթյալների և թմրանյութերի հոսքը զսպելու անկարողության պատճառով:

Այժմ նոր մանրամասներ են սկսում ի հայտ գալ երկու քաղաքական այրերի հանդիպման մասին, որը Թրամփը «բավական արդյունավետ» է որակել։

Նախքան խեցգետնի կոկտեյլներին ու ոստրեներին անցնելը, երկու պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ առաջին պլան են եկել մաքսատուրքերը, սահմանների անվտանգությունն ու առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը։

Ըստ քննարկմանը ներկա եղած երկու մարդկանց, Թրամփը, թեև ջերմ և բարեհամբույր էր, սակայն շատ ուղղախոս էր, երբ խոսքը վերաբերում էր նրան՝ թե ինչ է ուզում հյուսիսի իր հարևանը:

Թրամփը Թրյուդոյի հետ զրույցում հայտարարել է, որ Կանադան խաբել է ամերիկյան սահմանապահներին՝ հնարավորոթյուն ընձեռելով մեծ քանակությամբ թմրանյութեր և մարդկանց, դրանց թվում՝ ավելի քան 70 տարբեր երկրներից ապօրինի ներգաղթյալների թափանցման համար:


Աղբյուրները նշում են, որ Թրամփն ավելի աշխույժ է դարձել, երբ խոսքը վերաբերվել է Կանադայի հետ ԱՄՆ-ի ՝ ավելի քան 100 միլիարդ դոլար գնահատվող առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի թեմային:

Թրամփը Թրյուդոյին հայտարարել է, որ եթե Կանադան չկարողանա լուծել իր սահմանային և առևտրային դեֆիցիտի խնդիրները, ինքը կանադական բոլոր ապրանքների վրա իր պաշտոնավարման առաջին իսկ օրը 25 տոկոս մաքսատուրք կսահմանի։


«Թրյուդոն Թրամփին պատասխանել է, որ ինքը չի կարող մաքսատուրքեր սահմանել, քանի որ այն ամբողջությամբ կսպանի Կանադայի տնտեսությունը։ Թրամփն արձագանքել է՝ ասելով. «Ուրեմն ձեր երկիրը չի կարող գոյատևել, քանի դեռ ԱՄՆ-ից 100 միլիարդ դոլար այն չի՞ կորզել»:

«Այնուհետև Թրամփն Թրյուդոյին առաջարկել է Կանադան դարձնել ԱՄՆ 51-րդ նահանգը՝ առաջացնելով հանդիպման ժամանակ Կանադայի վարչապետի և մյուսների նյարդային ծիծաղը»,-Fox News-ին հայտնել են աղբյուրները: