Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլին արգելվել է լքել երկիրը նրա հայտարարած կարճատև ռազմական դրությունից հետո մեկնարկած ապստամբության հետաքննության պատճառով։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Արգելքը սահմանել է Արդարադատության նախարարությունը Բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի հետաքննության վարչության կողմից համապատասխան դիմումի հիման վրա։


Ավելի վաղ Յուն Սոկ Յոլը ներողությունն էր խնդրել ռազմական դրություն հայտարարելու փորձի համար և հայտարարել, որ իր քաղաքական և իրավական ճակատագիրը հանձնում է իշխող կուսակցությանը։ Այնուամենայնիվ, Յուն Սոկ Յոլը հրաժարական չի տվել, իսկ դեկտեմբերի 7-ին նրա իմփիչմենթի հարցով քվեարկությունը ձախողվել է։ Նախագահին իմփիչմենթի ենթարկելու համար հարկավոր էր 200 պատգամավորի ձայն, սակայն այդ նախաձեռնության օգտին քվեարկել է 195 պատգամավոր։

Յուն Սոկ Յոլն արտակարգ ռազմական դրություն էր հայտարարել դեկտեմբերի 3-ի երեկոյան՝ անակնկալ հեռուստաուղերձով դիմելով ժողովրդին և ընդդիմությանը մեղադրելով «հակապետական» գործողությունների միջոցով կառավարությունը «կաթվածահար անելու» մեջ։ Ռազմական դրության հայտարարումից հետո զինվորականները մտել էին խորհրդարանական համալիրի տարածք և բախվել մարդկանց մեծ խմբի հետ, որը փորձել էր փակել նրանց ճանապարհը։ Միաժամանակ, մարդկանց մեկ այլ՝ ավելի մեծ խումբ ընդհարվել էր ոստիկանության և անվտանգության աշխատակիցների հետ։

Դեկտեմբերի 4-ի վաղ առավոտյան նախագահը չեղարկել էր ռազմական դրությունն Ազգային ժողովի քվեարկությունից հետո, որի արդյունքում պատգամավորները միաձայն պահանջել էին չեղյալ համարել այն։