Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գաղափար է առաջարկել, որ Ուկրաինայում տեղակայվեն օտարերկրյա զորքեր, քանի դեռ երկիրը չի միացել ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին: Reuters-ը հաղորդում է, որ Զելենսկին այս մասին հայտարարել է Կիևում Գերմանիայի ընդդիմության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ուկրաինան, որը փորձում է ՆԱՏՕ-ին միանալու հրավեր ստանալ, ռուս-ուկրաինական հակամարտության ողջ ընթացքում պնդել է, որ իրեն անվտանգության երաշխիքներ են անհրաժեշտ՝ կանխելու Ռուսաստանի կողմից հերթական հարձակումը ներկայիս ռազմական գործողությունների դադարեցումից հետո:
«Այս կամ այն երկրի զորակազմը կարող է ներկա գտնվել Ուկրաինայում այնքան ժամանակ, քանի դեռ այն ՆԱՏՕ-ի մաս չէ: Բայց դրա համար մենք պետք է հստակ պատկերացում ունենանք, թե երբ է Ուկրաինան դառնում ԵՄ անդամ և երբ է դառնում ՆԱՏՕ-ի անդամ», – ասել է Զելենսկին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարին չէր բացառել, որ եվրոպական երկրները կարող են զորքեր ուղարկել Ուկրաինա, սակայն Մակրոնի այս հայտարարությունը բուռն հակասություններ էր առաջացրել։
«Նույնիսկ եթե մեզ հրավիրեն (ՆԱՏՕ), ի՞նչ կլինի այդ ժամանակ։ Ո՞վ է երաշխավորելու մեր անվտանգությունը։ Մենք կարող ենք մտածել այդ մասին և աշխատել Էմանուել Մակրոնի առաջարկի շուրջ», – հավելել է Ուկրաինայի ղեկավարը։
Վոլոդիմիր Զելենսկին նաև հայտնել է, որ մտադիր է առաջիկա օրերին զանգահարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և քննարկել նրա հետ ՆԱՏՕ-ին միանալու հրավեր ստանալու հարցը։
Ռուսաստանն իր հերթին պահանջում է, որ Ուկրաինան հրաժարվի Հյուսիստատլանտյան դաշինքին միանալու գաղափարից, քանի որ դա համարում է իր անվտանգության համար լուրջ սպառնալիք։