Իսրայելական տանկերը շարժվել են Սիրիայի հետ սահմանի բուֆերային գոտու սահմաններից դուրս եւ նկատվել են Դամասկոսից 20 կիլոմետր հեռավորության վրա։ Այս մասին տեղեկացրել է Al Mayadeen լիբանանյան հեռուստաալիքը։

Հեռուստաալիքը նշել է, որ տանկերը անցել են բուֆերային գոտուց, որտեղ Իսրայելն այս շաբաթ ավելի վաղ զորքեր էր տեղակայել Կատանա բնակավայրի մոտ, որը 21 կիլոմետր է հեռու Սիրիայի մայրաքաղաքից։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) առայժմ ոչ մի մեկնաբանություն չի արել, նշել է Al Mayadeen-ը։


Ավելի վաղ ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ հետեւակը եւ զրահատանկային զորքերը տեղակայված են Սիրիայի հետ սահմանի երկայնքով պաշտպանության համար, դեսանտայինները բուֆերային գոտում են սպառնալիքները կանխելու համար։

Դեկտեմբերի 8-ի առավոտյան Իսրայելի բանակը հայտնել է իր ուժերը բուֆերային գոտում տեղակայելու մասին։ Ինչպես նշել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն, այդ գործողությունները ձեռնարկվել են արաբական հանրապետության վերջին իրադարձությունների հետ կապված, դրանք կրում են պաշտպանական բնույթ եւ ժամանակավոր են։