«Փաստ» օրաթերթը գրում է. «Ի՞նչ է, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի կառավարումը: Դա, կարելի է ասել՝ բաց ուղեցույց է՝ ինչպես կտրել ճյուղը, որի վրա նստած ես: Ավելին, Փաշինյանն ինքն իր բնույթին դավաճանած կլիներ, եթե իր կառավարմամբ, պատկերավոր ասած, չկազմեր մի այնպիսի «ուղեցույց-ուսումնական ձեռնարկ», որին հետևելով՝ կարելի է ոչ միայն կտրել ճյուղը, որին նստած ես, այլև մնալ ծանրամեծ գերանի տակ: Դիմենք անողոք փաստերին: Փաստ առաջին. Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանության ներկայացուցիչները որտեղ նստում-ելնում են, ինչ հարցազրույց տալիս են, ինչ հայտարարություն անում են, անպայման խոսում են Ռուսաստանի դեմ, հայտարարում են, որ Ռուսաստանը Հայաստանի չուզողն է, Ռուսաստանն ու ՀԱՊԿը սպառնում են Հայաստանի պետականությանը և այդպես շարունակ:
Կարճ ասած՝ Փաշինյանն ու ՔՊ-ն դիրքավորվում են որպես բացահայտ հակառուսական, ռուսատյաց ուժ և գործիչներ, ի լրումն՝ իրենք գնում են Արևմուտք: Ըստ որում, փաստ է և այն, որ իրենց ընտրողներին ու հանրությանն, առհասարակ, չեն էլ ասում, որ իրենց երազած «Արևմուտքը» ընդամենը Թուրքիան է ու Հայաստանը թուրքական ամենաուղիղ կախվածության, եթե ոչ՝ ենթակայության տակ դնելը (տապալված Սիրիան էլ՝ որպես թարմ օրինակ):
Փաստ երկրորդ. որքան ավելի շատ է Փաշինյանը հակառուսական հայտարարություններ անում, այնքան ավելի ու ավելի է Հայաստանի տնտեսությունը հայտնվում Ռուսաստանից միակողմանի կախվածության մեջ: Այսպես. միայն այս տարվա առաջին 10 ամսում (պաշտոնական տվյալներով) Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նորից գրանցել է բարձր աճ՝ 92 տոկոս, որի արդյունքում ՀՀ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքում ՌԴ–ի տեսակարար կշիռը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5,5 տոկոսային կետով, դարձել է 41,5 տոկոս:
Ի դեպ, որպեսզի պատկերն ամբողջական լինի, վկայակոչենք այլ տվյալներ ևս. նույն ժամանակահատվածում արտաքին առևտրաշրջանառությունը Ղազախստանի հետ կրճատվել է 23 տոկոսով, Ղրղզստանի հետ նվազել է 55 տոկոսով, Բելառուսի հետ աճել է 7,5 տոկոսով, Իրանի հետ չնչին աճ կա՝ 4,7 տոկոսով, Վրաստանի հետ գրեթե զրոյական աճ է: Իսկ, այ, Եվրամիության անդամերկրների հետ, ուշադրություն, Հայաստանի առևտրաշրջանառությունը... կրճատվել է 15 տոկոսով, ԱՄՆ–ի դեպքում ավելի վատ՝ նվազել է 40 տոկոսով: Այստեղ այլ կարևոր հարց էլ է առաջանում. իսկ ընդհանրապես, Արևմուտքը, Եվրամիությունը, ԱՄՆն այս ընթացքում Հայաստանին տնտեսական առումով ինչոր բան առաջարկե՞լ են (զանազան «գրանտային ծրագրեր» չհիշատակել) ռեալ տնտեսական առումով: Օրինակ՝ ի՞նչ նոր հնարավորություններ, շուկաներ, ապրանքներ, ծառայություններ, որևէ բան են առաջարկել, ստեղծել, ձևավորել: Ի՞նչ ներդրումներ են եղել:
Պաշտոնական վիճակագրական տվյալները լավագույն ու սպառիչ պատասխանն են այդ՝ ակնհայտորեն բացասական պատասխանի ձգտող հարցերին: Այսպես. այս տարվա 10 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքում ԵՄ–ի տեսակարար կշիռը նվազել է 2 անգամ՝ դառնալով 7,3 տոկոս, ԱՄՆ–ի տեսակարար կշիռը ևս նվազել է 3 անգամ՝ դառնալով 1,4 տոկոս, Իրանի տեսակարար կշիռը նվազել է 1,5 անգամ՝ դառնալով 2,3 տոկոս: Իսկ ռուսական ոսկին Արաբական Միացյալ Էմիրություններ վերարտահանելու հաշվին ԱՄԷ–ի հետ ՀՀի առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 6 անգամ, իսկ տեսակարար կշիռը դարձել է 19 տոկոս՝ աճելով 3 անգամ։
Սա, ի դեպ, նույնպես պետք է վերագրել «ռուսական գծին»: Այնպես որ, Ռուսաստանից կախվածության տոկոսներն իրականում ավելի մեծ են: Բայց սա էլ դեռ ամենը չէ: Տնտեսագետները ահազանգում են. «Կապիտալը «փախչում է» Հայաստանից»: Այսպես. 2024-ի առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 334 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ ներդրումային զուտ ներհոսքի հաշվեկշիռը բացասական է՝ մինուս 55 միլիոն ԱՄՆ դոլար: Ընդ որում, նշված ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների ամենախոշոր զուտ ներհոսքը գրանցվել է... կռահեցիք, էլի Ռուսաստանից (22 միլիոն ԱՄՆ դոլար): Ու ի՞նչ են հուշում այս «չոր» փաստերը:
Իսկ այդ փաստերը ոչ թե սոսկ հուշում, այլ բացեիբաց ասում, եթե ոչ՝ բացականչում են, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես նստած է «ռուսական» ճյուղին: Չէ, բնական է, որ բոլորը պարտավոր չեն տիրապետել տնտեսագիտական եզրույթներին ու վիճակագրական տվյալների համակողմանի վերլուծության նրբություններին: Բայց առնվազն միջնակարգ դպրոցն ավարտելու վկայական ունեցողները գոնե կարո՞ղ են հասկանալ, թե ինչ է անում Փաշինյանը:
«Արևմտամետների» կառավարումը տանում է այն բանին, որ Հայաստանն ավելի մեծ կախվածության մեջ է հայտնվում Ռուսաստանից: Բայց զուգահեռաբար Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, ի դեմս Փաշինյանի ու նրա ՔՊ-ի, անում է հակառուսական հայտարարություններ, Հայաստանը դուրս է բերում ՀԱՊԿ-ից, որին տրամաբանորեն կարող է հետևել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը, նաև՝ ԵԱՏՄից Հայաստանի դուրս գալը: Թե այդ ամենն ինչ անվտանգային սպառնալիքներ է ստեղծել ու ստեղծում Հայաստանի ու երկրում մնացած ժողովրդի համար, այստեղ չենք նշի (նախ՝ շատ ենք ասել, երկրորդը՝ մեզ տնտեսական պահն է այստեղ հետաքրքրում):
Դա ի՞նչ է նշանակում: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունը, Հայաստանի տնտեսվարողները պետք է ստիպված լինեն նախ՝ Ռուսաստանի փոխարեն այլ երկրից ցորեն գնել, այն էլ՝ հարց է, թե ով կցանկանա Հայաստանին ցորեն վաճառել ու ինչ գնով: Պարզ ասած՝ Փաշինյանի քաղաքականությունն ու դրա շարունակությունը նշանակում է՝ սով, կտրոնով հացի ոսկրահյուծ հեռանկար: Երկրորդ՝ Փաշինյանի հակառուսական քաղաքականությունն ու դրա շարունակությունը նշանակում է, որ Հայաստանը պետք է այլ երկրից էներգակիրներ, մասնավորապես գազ գնի: Ո՞ր երկրից ու ի՞նչ գնով, շատ մեծ հարց է: Առավել ևս, եթե ԱԷԿ-ն էլ կանգնի (ամերիկյան «այլընտրանքի» թեման այլ խոսակցության առիթ է, դրան ոչ մեկ անգամ անդրադարձել ենք):
Այսինքն, փաշինյանական «ապագա կան» նշանակում է նաև թանկ գազ կամ անգամ՝ դրա բացակայություն, թանկ էլեկտրաէներգիա, որ առանց այդ էլ էժան չէ, նշանակում է՝ հովհարային էներգամատակարարում, շղթայով՝ թանկացումներ, դրամի արժեզրկում, փիարված «բարձր» թոշակների զրոյացում: Կյանքի պայմանների վատացումն ու կենսամակարդակի անկումը ենթադրում է նաև ռելոկանտների համատարած փախուստ՝ դրա տնտեսական ու սոցիալական հետևանքներով:
Ավելին, Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը տնտեսական առումով նշանակում է Հայաստանի տնտեսվարողների, ֆերմերների, գյուղմթերք վերամշակողների շուկաների համատարած կորուստ: Եվրոպային այդ ամենը պետք չէ, Իրանն ու Վրաստանն իրենցն ունեն, իսկ Թուրքիան ինքը կարող է Հայաստանի շուկան հեղեղել իր անորակ, վնասակար, հնարավոր է՝ նաև նպատակային թունավորած «գյուղմթերքով»:
Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն կտրում է այն ճյուղը, որին նստած է Հայաստանի տնտեսությունը: Դրա հետևանքով թրմփոցով տապալվելը հարցի դեռ մի կողմն է, իսկ մյուս կողմն այն է, որ, բացի թրմփալուց, Հայաստանը պարզապես կարող է մնալ սոցիալտնտեսական պրոբլեմների ծանրամեծ գերանի տակ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում