Այսօր մենք քննարկում ենք մեր օրերի ամենաարդիական եւ կարեւոր թեմաներից մեկը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մարտահրավերները։ Սա միայն քաղաքական կամ դիվանագիտական խնդիր չէ։ Սա մեր ազգային, պետական գոյության եւ ինքնության հարցն է։ Այս մասին այսօր՝ դեկտտեմբերի 14-ին, «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալի՞ք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։


Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում այսօր անհրաժեշտ է անդրադառնալ մեր ժողովրդի կյանքում էական ազդեցություն ունեցող հարցերին, փորձել իրապես գնահատել իրավիճակը՝ մի կողմ դնելով խնդրի զուտ իրավիճակային եւ զգայական մասը։

«Նախեւառաջ պետք է անդրադառնալ այն նոր իրավիճակին, որը ստեղծվել է մեր տարածաշրջանում 2020 թվականի պատերազմից հետո։ 2020 թվականի պատերազմը ոչ միայն հարված հացրեց Արցախին եւ Հայաստանին, այլեւ խաթարեց տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։


Հիմա արդեն կարող ենք վստահորեն ասել․ Արցախի օկուպացիայով Ադրբեջանը եւ Թուրքիան ոչ միայն ամրապնդեցին իրենց դիրքերը տարածաշրջանում, այլեւ մեկնարկեց ողջ տարածաշրջանը ապակայունացնելու, հակամարտությունները ուժի կիրառման միջոցով լուծելու նոր փուլ», - շեշտեց Սաղաթելյանը։


Պատգամավորի խոսքով՝ Արցախը այս շղթայի առաջին օղակն էր։

«Ուժերի հավասարակշռության բացակայության պայմաններում Թուրքիան այսօր բացարձակ անպատժելիության մթնոլորտում է գործում ողջ տարածաշրջանում։ Դրա վկայությունն էր նաեւ վերջին զարգացումները։

Սիրելի հայրենակիցներ, մենք ի վերջո պետք է գիտակցենք, որ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի նպատակը միայն տարածքների զավթումը կամ տնտեսական շահերը չեն։
Նրանց վերջնական նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն է, դենացիոնալիզացիան։

Դատենք փաստերով՝ պատերազմի արդյունքները անդրադարձան նաեւ տասնամյակներ տեւած Մինսկի համանախագահ երկրների գլխավորությամբ ընթացող բանակցային գործընթացի եւ նրանց տարածաշրջանում դերակատարության վրա։

Բավական արագ, առաջին հերթին Հայաստանի գործող իշխանությունների համաձայնությամբ եւ թույլտվությամբ, Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ըստ էության, փոխարինեց Թուրքիան։

Ակնհայտ է, որ մեր ժողովրդի թիկունքում ՀՀ գործող իշխանությունները թե՜ Թուրքիայի, թե՜ Ադրբեջանի հետ ձեռք են բերում պայմանավորվածություններ, որոնք մեր ողջ հանրությանը պարբերաբար կանգնեցնում են կայացած փաստի առջեւ», - ասաց նա։