Բովանդակային առումով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը ավարտել է իր աշխատանքը, բայց աշխատանքի ավարտը լինում է այն դեպքում, երբ որ լիագումար նիստում հանձնաժողովի նախագահը ունենում է ելույթ և ներկայացնում է հանրությանը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա չհամաձայնեց, որ հանձնաժողովի աշխատանքի ժամկետների խախտում է եղել. «Եթե ժամկետների խախտում լիներ, կարծում եմ Գեղամ Մանուկյանը ինձ օր ու արև չէր տա»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ կարծես ՔՊ-ն ազատվում է տարեց պատգամավորներից, արդյոք իրեն եւս նման վտանգ սպառնում է, Քոչարյանն ասաց. «Ոչ, եթե ինձ վտանգ սպառնա, դու կմնաս անպաշտպան։ Ես որպես պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ, առաջին հերթին ձեզ պետք է պաշտպանեմ: Իհարկե, անփոխարինելի մարդիկ չկան»:
Անդրադառնալով նրան, որ Հայաստանի քինիշխան տարածքներն օկուպացված են Ադրբեջանի կողմից, նա ասաց. «Ժամանակորապես են օկուպացված, իմացեք, այս ճոճանակը գնում-գալիս է, մենք էլ ժամանակին ուրիշ դիրքերում էինք, դիրքերը փոխվում են, աշխարհը փոխվում է: Այն ինչ որ մերն է՝ մերն է, այն ինչ որ մերը չի՝ մերը չի:
Երբ որ պատրաստ կլինի երկիրը, կունենա այն ամրությունը, այն միասնական մոտեցումները՝ քաղաքական, ռազմական, ռազմաքաղաքական, եղբայրական և այլն, այդ ժամանակ հակառակորդի երբեք մտքով չի անցնի պատերազմ հայտարարել: Եթե ներքին կայունություն չլինի, արտաքինն էլ չի լինի»:
ԴԻտարկմանը, որ Ադրբեջանը հայտարարել է, որ դիվանագիտական ճանապարհով աշխատանքներ են տանելու, որպեսզի Հայաստանին սպառազինություն չվաճառեն, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Բնականաբար, մենք էլ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ադրբեջանին չվաճառեն, բայց վաճառողը վաճառում Իսկ ի՞նչ գիտեք, որ չենք անում, անում ենք»: