Վարազդատ Լալայանին տեսնում եմ Լոս Անջելես-2028 օլիմպիական ոսկե մեդալով: Իր աշխատասիրությամբ կհասնի այդ արդյունքին:
Այս մասին թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
Դեկտեմբերի 5-15-ը Բահրեյնում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Փաշիկ Ալավերդյանի գլխավորած տղամարդկանց հավաքականը երկամարտի մեկ մեդալով վերադարձավ հայրենիք: Գերծանր քաշայինների պայքարում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Վարազդատ Լալայանը՝ երկամարտում գրանցելով 467 կգ արդյունք (215+252): Առանձին վարժություններում փոքր արծաթե մեդալի արժանացավ Գարիկ Կարապետյանը (109 կգ) եւ Գառնիկ Չոլակյանը (61 կգ):
Պարոն Ալավերդյանը, Ձեր գլխավորած հավաքականը երկամարտի միայն մեկ ոսկե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում: Ի՞նչ գնահատական կտաք թիմի մրցելույթներին:
Ես բազմիցս ասել եմ, որ չեմ գնահատելու իմ աշխատանքը: Դուք, ժողովուրդը, մարդիկ, որոնք կողքից են նայում, իրենք պետք է գնահատեն: Ես ինձ գնահատում եմ 5, գերազանց, լա՞վ է, գո՞հ եք: Հո՞ ինձ 2 չեմ գնահատելու:
Ունենք աշխարհի չեմպիոն: Հայկական ծանրամարտի պատմության մեջ առաջին անգամ գերծանր քաշային կարգում ունեցանք աշխարհի չեմպիոն: Իմ մեկնաբանությունը, գնահատականը երեւաց մրցահարթակի վրա: Ուրիշ ոչինչ չեմ հասկանում, արդյունքից բացի:
Վարազդատ Լալայանը երկամարտում գրանցեց նույն արդյունքը, ինչ Փարիզի Օլիմպիական խաղերում: Սա նրա առավելագո՞ւյնն էր:
Ոչ, ինչո՞ւ էր առավելագույնը: Նա այս արդյունքն արել է Փարիզում, դրանից առաջ աշխարհի առաջնությունում: Այս անգամ Լաշա Տալախաձեի բացակայության դեպքում, ինքը դարձավ աշխարհի չեմպիոն:
Ձեզ համար ավելի հետաքրքիր էր, երբ պայքարում կա՞ր Տալախաձեն, թե՞ այսպես:
Իհարկե, ավելի հետաքրքիր կլիներ, որ պայքարում լիներ Լաշա Տալախաձեն: Լալայանին մնացել էր 2 կգ Տալախաձեին հասնելու համար: Ինքն էլ լավ գիտեր, որ մնացել է 2 կգ:
Մեդալային պայքարում պետք է լիներ նաեւ Գոռ Մինասյանը, բայց մեկ ամիս առաջ վնասվածք էր ստացել:
Մյուս քաշային կարգերում ունեցանք 3 զրո: Ի՞նչն էր պատճառը:
3 չէր, 5 էր... 5 ծանրորդ զրո է ստացել՝ Անդրանիկ Կարապետյանը, Արա Աղանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Գարիկ Կարապետյանը եւ Հակոբ Մկրտչյանը:
Գարիկ Կարապետյանի զրոն բոլորդ տեսաք, թե ինչն էր պատճառը, կոտրեց ձեռքը: Պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց, բայց այդպես եղավ:
Անդրանիկ Կարապետյանին ի՞նչը խանգարեց:
Ի՞նչը խանգարեց... Անդրանիկին իր խելքն է խանգարում, ուրիշ ոչինչ: Նա հրաժեշտ տվեց ծանրամարտին... Հրաժեշտ տվեց ինձ մոտ, քանի ես կամ:
Մեկ անգամ էլ եք այդպիսի հայտարարություն արել, հիշո՞ւմ եք:
Հիշում եմ, շատ լավ եմ հիշում: Այս անգամ էլ եմ ասում, երրորդ անգամ հստակ կլինի:
Անդրանիկի մոտ հոգեբանական խնդի՞ր է:
Ոչ մի հոգեբանական խնդիր էլ չի: Ռուս գրողներից մեկն ասել է՝ «Рожденный ползать летать не сможет»: Չեմ հիշում, թե որ գրողն է ասել:
Դավիթ Հովհաննիսյանի, Արա Աղանյանի զրոներն ինչո՞վ էին պայմանավորված:
Արա Աղանյանը նոր քաշային կարգում էր մասնակցում, այդ պատճառով էլ շփոթված էր, իր հնարավորությունները չօգտագործեց: Դավիթ Հովհաննիսյանը Երեւանում հավաքի ժամանակ վնասվածք ստացավ: Փորձեցինք բուժել, վերականգնել, որպեսզի անպայման մասնակցեր: Մեր նպատակն էր թիմային լավ մասնակցություն ապահովել: Ուսի վնասվածք էր ստացել, բայց ստիպված եկավ, քանի որ արդեն տոմսը գնել էինք, գումարները մուծել էինք:
Հակոբ Մկրտչյանն ինչո՞ւ չմասնակցեց:
Հակոբ Մկրտչյանն էլ է դուրս գրված «աբլիգացիա»: «Ինչուն» էլ նրան հարցրեք: Հայտավորված էր, բայց հետո ասաց՝ «ուսերս ցավում է»: Հետո ի՞նչ, բա, «շտանգա» ես անում, ուզում ես չցավա՞: Իսկապես, ուսերը ցավում էր, չէր կարողանում մասնակցել:
Գոռ Սահակյանի մասնակցությունը նոր քաշային կարգում ինչպե՞ս էր:
Հրաշալի է մասնակցել, նրա հետ ի՞նչ գործ ունեք: Նոր քաշում շատ լավ արդյունք է ցույց տվել: 146 կգ պոկել է, 185՝ հրել: 190 էլ գնում էր հրեր, չստացվեց: Ուրեմն պատկերացրեք, որ նա նոր քաշային կարգում այսքան լավ է մասնակցել:
Գառնիկ Չոլակյանն էլ մեծահասակներում մեդալ է նվաճել, այնպիսի մեդալ, որ երբեք, կյանքում չի նվաճել: Նա մեծահասակների աշխարհի առաջնությանն առաջին անգամ էր մասնակցում եւ պոկում վարժությունում բերել է բրոնզե մեդալ:
Սիմոն Մարտիրոսյանը վնասվածքի պատճառով բաց թողե՞ց առաջնությունը:
Այո: Ինքը վերջին օրը այդպես պատճառաբանեց, ասաց՝ «գնացի տուն, մեջքս ցավաց»:
Այս առաջնությունում մեդալների քանակը, վստահաբար, Ձեզ չի գոհացնում...
Ինչո՞ւ... Մեդալային հաշվարկում 4-րդն ենք աշխարհի 91 պետությունների մեջ: 5-րդ տեղի պետությունն ի՞նչ անի, կախվի՞, 6-րդ տեղինն էլ գնա մեռնի՞: Աշխարհում 4-րդն եմ, անցած տարի առաջինն էի, բան ասող չեղավ, հիմա ասում եք՝ բա ինչու է 4-րդը:
Վարազդատ Լալայանին տեսնո՞ւմ եք Լոս Անջելես-2028-ի ոսկե մեդալով:
Իհարկե, նա 20 տարեկանից ինձ հետ է աշխատում: Իր աշխատասիրությամբ կհասնի այդ արդյունքին: Ծանրորդի հաջողության գրավականը իր խելքն է եւ հնարավորությունները: Որքան էլ բնածին ուժ, տաղանդ ունենաս, տար չոլերում բաց թող, տաղանդով ի՞նչ պետք է անես:
Հավաքականում ունե՞նք այնպիսի ծանրորդ, որ բնատուր ուժ, տաղանդ ունի, բայց չի աշխատում:
Եղել է... Մի ծանրորդ, միայն Սիմոն Մարտիրոսյանը: Ու այլեւս նա չի լինելու, քանի ես կամ հավաքականում: Ես չեմ լինի, թող նա լինի հավաքականում: Նա չի մարզվում: Գուցե ձեր համար մարզվում է, բայց ինձ համար չի մարզվում: Ասացի չէ՞ թողեց-գնաց տուն: Ասում է՝ վնասվածք ունի, իսկ վնասվածք ունեցողը 250 կգ ծանրաձող կարո՞ղ է բարձրացնել: Ոչ, իհարկե: Դրանից պակասն էլ բանի պետք չի:
Պաշտոնապես հայտարարո՞ւմ եք, որ Սիմոն Մարտիրոսյանը հավաքականում այլեւս չի լինի:
Ի՞նչ է նշանակում՝ պաշտոնապես: Ձեր կարծիքով ես պաշտոն ունե՞մ: Եթե ունեմ, ով ուզում է, թող գա, տամ իրեն:
Որպես տարվա ամփոփում, օլիմպիական տարվա արդյունքները գոհացնո՞ղ են:
Ես գոհ եմ, սրանից լավ չէր էլ կարող լինել... Դա եք ուզում լսե՞լ: Կարո՞ղ է՝ ես ասեմ, խնդրում եմ, 2 դրեք ինձ, թողնեմ գնամ: Տարվա արդյունքներն էլ չեմ գնահատելու: Ես ինձ չեմ գնահատի:
Այս տարի Վարազդատ Լալայանը 5 մրցաշարի է մասնակցել, միայն Փարիզի Օլիմպիական խաղերում է պարտվել, մյուս մրցաշարերում հաղթել է: Փոխանակ այդ մասին հարցնեք, ասեք՝ այս ի՞նչ հրաշք է, այս որտեղի՞ց ծնվեց, այդ ինչպե՞ս եղավ, ասում եք․ գո՞հ եք, թե՞ ոչ: Ես անպայման պետք է սպորտային լրագրություն դասավանդեմ, քանի ապրում եմ:
Լուսինե Շահբազյան