Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն չի պատրաստվում լքել պաշտոնը Սուրբ Ծննդյան տոների ընթացքում՝ չնայած կանադացի քաղաքական գործիչների՝ հրաժարական տալու կոչերին։ Այս մասին հայտնում է The Globe and Mail թերթը՝ հղում անելով Լիբերալ կուսակցության աղբյուրին։


Նրա խոսքով՝ Կանադայի առաջնորդը դեռ որոշում չի կայացրել՝ հրաժարական տալ, թե ոչ։ Թրյուդոն նախատեսում է Սուրբ Ծնունդը, որը դեկտեմբերի 25-ն է, անցկացնել Օտտավայում, իսկ հետո ընտանիքի հետ հանգստի կմեկնի Բրիտանական Կոլումբիայի լեռնադահուկային հանգստավայր։

Լիբերալ պատգամավոր Ռենե Արսենոյի կարծիքով՝ Թրյուդոն մտածելու ժամանակ չունի։ «Նա չի կարող սպասել, նա պետք է խոսի կանադացիների հետ, խոսի տեղի ունեցածի մասին և հստակ նշի իր մտադրությունները», - ասել է խորհրդարանականը պարբերականին տված հարցազրույցում։ Նա վարչապետին կոչ է արել «առաջին տեղում դնել կանադացիների շահերը» և հրաժարական տալ։


Ինչպես նշել է թերթի աղբյուրը, որը ցանկացել է անհայտ մնալ, Լիբերալ կուսակցությունը կարծում է, որ եթե Թրյուդոն հրաժարական տա 2025 թվականի սկզբին, կուսակցությունում առաջնորդության համար պայքար կսկսվի։ Սակայն այդ ընթացքում, որը կարող է տեւել առնվազն չորս ամիս, խորհրդարանը պետք է դադարեցնի իր աշխատանքը։ Իրադարձությունների զարգացման այլընտրանքային սցենար կարող է լինել կուսակցության ժողովում ժամանակավոր ղեկավարի նշանակումը, ընդգծել է պարբերականի զրուցակիցը։