Ներկայացնում ենք Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը՝ Ռուսաստանի պետական հեռուստատեսությանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջերս տրված հարցազրույցի վերաբերյալ:
«Ռուսաստանի պետական հեռուստատեսությանն Իլհամ Ալիևի` օրերս տրված հարցազրույցն ուղղված էր տարբեր լսարանների՝ Ռուսաստանին, Արևմուտքին և իր անմիջական հարևաններին: Հայրենի վերլուծական և փորձագիտական համայնքը մեծամասամբ կենտրոնացել էր Հայաստանին վերաբերող հաստատումների վրա: Այդուհանդերձ, կարևոր է անդրադառնալ նաև մյուս հայտարարություններին և ըստ այդմ փորձել պատասխաններ գնել մեր շուրջ ստեղծվող՝ ավելի վտանգավոր դարձող իրավիճակին:
Նախ, Ադրբեջանի ղեկավարն ընդգծում է, որ «աշխարհն արմատապես փոխվել է, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդունված կանոններն այլևս չեն գործում: Նորից թատերաբեմում ի հայտ է եկել ուժի գործոնը: Եվ այն երկրները, որոնք դա հասկացել են նախօրոք, կարող են իրենց ավելի անվտանգ զգալ»: Այսպիսով, նա ևս մեկ անգամ անթաքույց պնդում է, որ ուժային քաղաքականությունը եղել և շարունակում է մնալ ամենաարդյունավետ գործիքը՝ իր օրակարգն առաջ տանելու համար: Պատմության ընթացքում ուժի մարտահրավերին առճակատվել են բազմաթիվ երկրներ, որոնց հաջողված և ձախողված փորձը պետք է նավիգացիոն ուղղորդություն դառնար Հայաստանի համար: Ագրեսիվ ուժային քաղաքականությունը, հետևաբար՝ ծավալապաշտական նկրտումները կենսագործման մեծ հավանականություն ունեն, երբ չեն հանդիպում իրենց հավասարակշռող և զսպող դիմադրողականության, որն ունակ կլիներ խիստ և անվերականգնելի կորուստներ պատճառելու այդ հավակնություններին: Հենց այս պարզ ճշմարտությունը պետք է դրվի մեր ներկայիս արտաքին և անվտանգային քաղաքականության հիմքում:
Երկրորդ. Ռուսաստանի հանդեպ Ադրբեջանի դաշնակցային պարտավորությունների հանձնառության վերաբերյալ ճգրտող հարցին Ալիևը պատասխանում է, որ «մենք միշտ լրջորեն ենք վերաբերվում մեր դաշնակցային պարտավորություններին և այդպես ենք գործելու նաև առաջիկայում»: Միաժամանակ, նա ընդգծում է, որ Ադրբեջանն աշխարհում միակ երկիրն է, որը և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի դաշնակիցն է, այսինքն «մեր դաշնակցային պարտավորությունները դիվերսիֆիկացված են, և մենք կկողմնորոշվենք՝ ելնելով իրավիճակից»: Չնայած Ֆրանսիայի հասցեին իր ամբարտավան քննադատությանը («ձախողված պետություն», որի հետ մինչև Մակրոնի նախագահությունն Ադրբեջանն ուներ ամենասերտ համագործակցությունը), չնայած ԵՄ-ին և ԱՄՆ-ին ուղղված կծու ռեմարկներին («Հայաստանի հովանավոր Պետդեպը», Բայդենը, որը խախտել է հավասարակշված մոտեցումը հարավկովկասյան երկրներին և «պարտադրում է այսպես կոչված «օգնություն»՝ ի տարբերություն Թրամփի, որը «մեզ (Ադրբեջանի և Ռուսաստանի) հետ նույն նավակում է՝ ի պաշտպանություն ավանդական արժեքների»), նա յուրատեսակ գործարք է առաջարկում Արևմուտքին՝ դիտարկել Ադրբեջանը, ինչպես դա տեղի է ունեցել անցյալում, որպես վստահելի և արժեքավոր միջնորդ ու հարթակ Ռուսաստան-Արևմուտք երկխոսության համար, փոխարենը՝ աչք փակել Արցախի և Հայաստանի նկատմամբ իր կատարած ոճրագործությունների վրա: Բնականաբար, արևելյան սիրախաղի մեծ վարպետը առիթը բաց չթողեց ռուսական լսարանին հաճոյանալու համար, մատնացույց անելով, որ «Ադրբեջանը Հարավային Կովկասի ամենառուսախոս երկիրն է», մինչդեռ Հայաստանը «հայտնի է, թե ուր է գնում»՝ իր սահմանների երկայնքով ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք ստեղծելով: Այսպիսով, քաջատեղյակ լինելով, որ Արևմուտքը չի երաշխավորի Հայաստանի անվտանգությունը, Ալիևը բացահայտ կերպով ձգտում է վերջնական սեպ խրել Երևանի և Մոսկվայի միջև, որպեսզի դեռևս գոյություն ունեցող երկկողմ դաշնակցային հարաբերությունները և ՀԱՊԿ-ը որևէ կերպ խոչընդոտ չդառնան Հայաստանի հանդեպ ապագա ոտնձգությունների համար: Ներկայիս իրավիճակում միայն դաշնակիցների և դաշինքների միջոցով է հնարավոր ապահովել Հայաստանի անձեռնմխելիությունը: Բնականաբար, կուտակվել են շատ լեգիտիմ հարցեր, սակայն գլոբալ և տարածաշրջանային իրավիճակը սրընթաց փոփոխությունների գործընթացում է, որն ընձեռում է նաև հնարավորություններ: Ալիևի վերջնական նպատակը Հայաստանն աշխարհաքաղաքականորեն մեկուսացնելն է: Երևանի գերխնդիրն է՝ ճշգրիտ իրատեսական հաշվարկների և ոչ թե «արժեքային» պատրանքների վրա ապահովել համադրվող և համընկնող շահեր ունեցող դաշնակիցների արդյունավետ փոխգործակցությունը»:
Երրորդ. Ալիևը պահանջների/վերջնագրերի նոր չափաբաժին նետեց դաշտ, որոնց կհետևեն նորերը, և այսպես անվերջ: Յուրաքանչյուր երկրի բանակցային սակարկությունների կարողությունը կախված է այն տարբերակներից, որոնք ենթադրվում է, որ նա ունի: Դրանցից զրկվելը հեշտացնում է հակառակորդի ծրագրերը և նեղացնում Realpolitik-ի կիրառողների հաշվարկները: Հայաստանի ճակատագրական սխալ և անհեռատես հրաժարումն Արցախի հիմնախնդրի արծարծումից արմատապես խարխլեց մեր դիվանագիտության պաշտպանական բնագծերը, փոխարենը գրգռելով հակառակորդի պահանջատիրական ախորժակը: Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցն օրակարգ վերադարձնելու հարցը ավելի քան հրատապ է: Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը և հիմնվելով միջազգային կազմակերպությունների, խորհրդարանների և առանձին պետությունների ընդունած հայտարարությունների ու բանաձևերի վրա՝ պետք է գործադրել համակարգված ջանքեր, որպեսզի ամրագրվի 2020-2023թթ. Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանական քաղաքականության և էթնիկ զտումների վերաբերյալ միջազգային կոնսենսուսը: Դրան զուգահեռ, տարբեր երկրներում և միջազգային ատյաններում անհրաժեշտ է ձեռնարկել Արցախի բարեկամների խմբերի վերականգնումն ու նորերի ստեղծումը, ինչը լրացուցիչ և կարևոր ազդանշան կդառնա, որ Լեռնային Ղարաբաղի էջը փակված չէ: Հայկական Սփյուռքի և արտերկրում մեր բարեկամների նախաձեռնությամբ կարևոր մայրաքաղաքներում հարկավոր է կազմակերպել գիտաժողովներ, կլոր սեղաններ, ցուցահանդեսներ և հրապարակումներ Արցախի վերաբերյալ: Չափազանց կարևոր է երաշխավորել նման միջոցառումներին արցախցի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը, ինչը վերջերս խոչընդոտվում է մի շարք դեսպանությունների կողմից մուտքի արտոնագրերի մերժման հետևանքով: Վերը նշված առաջարկների կենսագործումը լրջորեն կզսպի Ադրբեջանին դիվանագիտական ճակատում:
Եվ վերջինը. Ալիևն իր հարցազրույցում երեսպաշտորեն նշել է, թե «խաղաղությունը հանրային կոնսենսուսի արդյունք է, իսկ վերքերը դեռ չեն սպիացել, հետևաբար անհրաժեշտ է երկխոսություն»: Վերջերս ինչպես Եվրախորհրդարանը, այնպես էլ Շվեյցարիայի Ազգային խորհուրդը հանդես են եկել նման առաջարկով: Անհրաժեշտ է այս միտումը տարածել այլ երկրներում: Պետք է նպաստել երկխոսության հաստատմանը առանց սահմանափակումների: Գուցեև վերջին տարիներին արևը փայլում է Ադրբեջանի վրա, բայց նույն ադրբեջանցիները և նրանց հովանավորները գիտակցում են, որ միշտ այդպես չի լինելու: Տևական և կայուն խաղաղությունը պետք է արդար լինի, հակառակ դեպքում խոսքն ընդամենը միջպատերազմյան նոր և անցողիկ զինադադարի մասին է: Վստահ եմ, որ մեր տարածաշրջանը կարոտ է իրական խաղաղության»: