Այսօր «Ժամանակ» թերթը գրել էր, որ ԲՀԿ խմբակցությունը արևմտամետ կեցվածք է դրսևորում` մասնավորապես անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ղեկավարած ԱԺ Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովում անցկացրած նիստին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեային հրավիրելուն:
Թերթն անդրադարձել է նաև Զահրաբյանի` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Չինաստանի ազգային տոնին մասնակցելուն, որտեղ Զոհրաբյանը փորձել է զրուցել ԱՄՆ դեսպան Հեֆերնի հետ, ժպտալով գնացել է վերջինիս հետևից, սակայն այդպես էլ չի ստացվել նրա հետ զրուցել:
YerevanNews.am-ը լուրի հավաստիությունը փորձեց ճշտել ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից, ով ամբողջությամբ հերքեց ԲՀԿ-ի արևմտամետ լինելը:
«Կատարյալ տխմարություն է: Ի՞նչն է զարմանալու, այն, որ ԵՀՄ ներկայացուցիչը Եվրաինտեգրման հարցերով նիստին հրավիրում է ԵՄ պատվիրակության դեսպանի՞ն: Ինչ վերաբերում է դեսպան Հեֆերնին, ես չեմ հիշում, որ դեսպանին այնտեղ տեսած լինեմ, հնարավոր է` մենք իրար մի պահ նկատած և քաղաքակիրթ ձևով ողջունած լինենք, ես դա չեմ հիշում: ԲՀԿ-ն արևմտամետ չէ, այն պատշաճ ձևով կատարում է իր աշխատանքը»,- պարզաբանեց Զոհրաբյանը: