«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տիգրան Ավինյանը իրեն դսևորում է հղփացած պաշտոնյայի նման. ամփոփիչ ասուլիս էր հրավիրել կիսադատարկ սրահում, սակավաթիվ լրատվամիջոցների հետ և քիմքին հաճելի հարցերով:
Ահա այսպես է քաղաքային բյուջեի հաշվին ճոխ գնումներ ու գործուղումներ կազմակերպող, Երևանի հղփացած քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատկերացնում մամուլի ասուլիսի բնույթը, որը սովորաբար կոչված է բոլոր ԶԼՄ-ների լրագրողների հարցերին պատասխանելու համար, հանրությանը հետաքրքրող հարցերի պարզաբանման անխախտ նպատակով:
Տեղեկացնենք նաև, որ Տիգրան Ավինյանը որոշել էր երեկոյան տալ ամփոփիչ ասուլիսը՝ հրավիրելով ոչ թե լրագրողների, այլ խմբագիրների:
Տեղեկացանք, որ երեկ քաղաքապետարանի անցնող տարվա աշխատանքը ակտիվ լուսաբանող լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել Ավինյանի ասուլիսին, իսկ որպես հիմնավորում ասել են, թե խմբագիրներն են միայն հրավիրված:
«Ժողովուրդ» օրաթերթը այս անգամ զրկված էր քաղաքապետի ասուլիսին հարց ուղղելու հնարավորությունից, քաղաքապետարանից հարկ չէին համարել մեզ հրավեր ուղարկել, քանի որ հանդգնել ենք Ավինյանի կոռուպցիոն գործելաոճի կասկածների մասին նյութ հրապարակել, թե ինչպես են ՔՊ ակտիվի նիստում նրան մեղադրել, և ինչպես է քաղաքապետը սպառնալից մեսիջներ հասցրել իր թիմակից Արփի Դավոյանին, թե՝ ես քեզ կոչնչացնեմ:
Իհարկե, հասկանալի է, որ մեդիաներին «աղբ» որակավորում տված քաղաքապետին հաճելի չէր լինի մի շարք սուր հարցերի պատասխանել, սակայն փորձը ցույց է տվել՝ լրատվամիջոցների հետ պայքարում միշտ պարտվում են պաշտոնյաները, ինչպես հայտնի ասույթում է՝ ճանճերին ու պաշտոնյաներին սատկացնում են նույն գործիքով՝ թերթով:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Երեւանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանից պարզել՝ ինչ մեթոդով են լրատվամիջոցների վիճակահանությունը կազմակերպել, բայց վերջինս չարձագանքեց:
Ի դեպ, երեկ սկանդալի կենտրոնում հայտնվեց նաև Ավինյանի հայրը, բայց ոչ թե ապտակի թեմայով` ինչպես աները, այլ խայտառակ հայտարարությամբ:
«Պիտի 500․000 սարքեն «ստայանկան», որ ամեն համբալ չգա կանգնի ստեղ իրա գեղի Opel-ով․․․ Գնացեք Իտալիա, տեսեք՝ ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»,- ասել է քաղաքապետի հայրը՝ Արմեն Ավինյանը։
Սա Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու պատմությունից հետո երկրորդ ապտակն է ՀՀ քաղաքացուն ՔՊ վերնախավի կողմից:
Թիրախում «գյուղացի «Օփել»»-ի վարորդներն են»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: