Մրցաշրջան-2024-ում գոհ եմ Դավիթ Չալոյանից, Ռաֆայել Հովհաննիսյանից, Գուրգեն Մադոյանից, շնորհակալ եմ Բարեղամ Հարությունյանին: Օլիմպիական խաղերում Դավիթ Չալոյանի մասնակցությունից դժգոհ չեմ: Մենք իսկապես կարող էինք 2-3 ուղեգիր ունենալ Փարիզում, բայց տարբեր պատճառներով չունեցանք: 2025-ում թիմի առջեւ խնդիր եմ դրել շատ հաղթանակներ եւ քիչ պարտություններ ունենալ:


Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Օլիմպիական տարին հայ բռնցքամարտիկների համար այդքան էլ հաջող չստացվեց:Հայ բռնցքամարտիկները ոսկե մեդալներ նվաճեցին միայն Եվրոպայի Մ23 առաջնությունում, մյուս մրցաշարերում բավարարվեցին արծաթե եւ բրոնզե մեդալներով: Ակնկալվող օլիմպիական ուղեգրերի քանակը գոհացնող չէր. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը միայն մեկ ուղեգիր կարողացավ նվաճել եւ մեկ պատվիրակով մասնակել Փարիզ-2024-ին:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը NEWS.am Sport-ի համար ամփոփել է անցնող մրցաշրջանը:

Պարոն Աղամալյան, ի՞նչ գնահատական կտաք մրցաշրջան-2024-ին:

Օլիմպիական տարի էր, պատասխանատու, լարված: Գնահատականս միանշանակ չի: Տարբեր մրցաշարերի մասնակցեցինք, տարբեր արդյունքներ գրանցեցինք: Նաեւ տարբեր էին սպասելիքներս, որոշ մրցաշարերից սպասելիքներս մեծ էին, չէր ստացվում, որոշներից քիչ՝, հակառակն էր ստացվում: Մասնավորապես, բարդ էր օլիմպիական փուլը, նախապատրաստական շրջանը:

Տարեսկզբին 2-3 օլիմպիական ուղեգրի ակնկալիք ունեիք, բայց մեկ պատվիրակով մասնակեցիք Փարիզ-2024-ին: Որտե՞ղ եղան թերացումները:

Մեզ համար անհաջող ստացվեցին վարկանիշային մրցաշարերը: Առաջինն Իտալիայում էր, որին մասնակցեցինք: Այստեղ ուղեգիր չունեցանք: Չեմ ցանկանում վերադառնալ մրցավարությանը, բայց այս պահին արդեն կարող եմ հստակ ասել՝ Իտալիայի վարկանիշային մրցաշարից պետք է ունենայինք առնվազն 2 կամ 3 ուղեգիր: Տարբեր պատճառներով չստացվեց: Մամուլում շատ արծածվեց այս թեման, թե ինչու մենք այնտեղից դատարկաձեռն վերադարձանք: Չեմ ցանկանում պատճառներից խոսել: Այդպես եղավ:
Մեր հաջորդ վարկանիշային մրցաշարը Թաիլանդում էր կարճ ժամանակ անց, բայց այդ ընթացքում ունեինք նաեւ Եվրոպայի առաջնություն: Այսինքն՝ փաստացի, թիմը վերականգնվելու եւ հաջորդ վարկանիշային մրցաշարին պատրաստվելու ժամանակ գրեթե չուներ: Մտածում էի՝ տղաները մասնակցե՞ն Եվրոպայի առաջնությանը, թե՞ պատրաստվեն վարկանիշային մրցաշարին: Որոշեցի, որ Եվրոպայի առաջնությունը կարող է ոգեւորել նրանց: Մասնակցեցինք եւ գերազանց արդյունք գրանցեցինք: Այստեղ ունեցանք՝ 7 մեդալ՝ 2 արծաթ, 5 բրոնզ: Ի դեպ, 2 բրոնզե մեդալներ նվաճեցին աղջիկներից Անի Հովսեփյանը եւ Անուշ Գրիգորյանը: Երբեւէ այսքան մեդալներով չէինք վերադարձել Եվրոպայի առաջնությունից: Արդյունքն, իրոք, գերազանց էր:

Անմիջապես հետո Թաիլանդի վարկանիշային մրցաշարն էր: Ձեր խոսքում նշեցիք, որ կանխատեսում էիք Եվրոպայի առաջնության հաջող մրցելույթները, որոնք կոգեւորեին բռնցքամարտիկներին: Չոգեւորեցի՞ն:

Եվրոպայի առաջնությունից հետո մեկ հավաք անելու ժամանակ ունեինք: Անմիջապես հավաքից էլ մեկնեցինք Թաիլանդ: Ես իմ մարզչական կարիերայում այսքան բարդ, երկար, ծանր մրցաշար, մենամարտեր չէի տեսել: Ամեն քաշում 70 եւ ավել բռնցքամարտիկ էր պայքարում ուղեգրի համար: Այստեղ իմ տղաները լավ մասնակցեցին: Ես գոհ եմ նրանցից: Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթեց 4 մենամարտ: Այդքան մենամարտով աշխարհի չեմպիոն են դառնում: Վերջում ինչ-որ բան պակասեց, որովհետեւ 4 մենամարտերը մեկը մյուսից ծանր էին: Շատ եմ ափսոսում, որ վերջում ձախողեց: Գուրգեն Մադոյանը 3 մենամարտ հաղթեց: Նորից չեմ ցանկանում մրցավարությանը մեղադրել, բայց... Վարկանիշային մրցաշարերը դատում են ՄՕԿ-ի կողմից ստեղծված աշխարհի ֆեդերացիայի մրցավարները, պատկերացնում եք, թե ինչ է կատարվում: Չեմ ասում, թե մեզանից խլում էին հաղթանակները, բայց ցածր միավորներ էին տալիս: Այս մրցաշարում փայլեց Դավիթ Չալոյանը, եւ նա էլ նվաճեց մեր միակ ուղեգիրը:


Փարիզի Օլիմպիական խաղերում Դավիթ Չալոյանի մասնակցությունից գո՞հ եք:

Չալոյանը Եվրոպայի առաջնությունում ոտքի վնասվածք ստացավ: Մրցավայրում բժիշկները զննեցին եւ ասացին, որ ոչինչ չկա: Մեկ շաբաթ պետք է հանգիստ մնար, որպեսզի վերականգնվեր: Երեւանում նորից բուժզննում անցավ, պարզվեց՝ ոտքի կոտրվածք է: Նա կարողացավ ուղեգիր նվաճել, լիարժեք պատրաստվել Փարիզ-2024-ին, բայց վերջին փուլում հնարավորինս թեթեւ էինք աշխատում, որպեսզի լուրջ խնդիրներ չունենայինք:


Օլիմպիական խաղերում թույլ մրցակից չի լինում: Առաջին հաղթանակը անգլիացու նկատմամբ էր, ում մեկ տարի առաջ պարտվել էր Եվրոպական խաղերում: Կամային որակներ ցույց տվեց: Երկրորդ մենամարտում մրցակիցը այն իսպանացին էր, որին 2 տարի առաջ Երեւանում պարտվել էր: Հավասար մենամարտում մի փոքր զիջեց մրցակցին եւ պարտվեց: Չեմ կարող ասել՝ Դավիթ Չալոյանի մասնակցությունից դժգոհ եմ Օլիմպիական խաղերում: Նա արեց այնքան, որքան կարող էր այդ պահին: Եթե ոտքի վնասվածքը չլիներ, շուտ իմանայինք, որ գործ ունենք կոտրվածքի հետ, գուցե ամեն ինչ ավելի լավ լիներ: Լավ մասնակցեց: Չեմ գժգոհում նրա մասնակցությունից: Չալոյանը դեռ շատ աշխատելու տեղ ունի: Շատ լավ հատկանիշ ունի՝ աշխատասեր է: Նա իր թերությունները կշտկի եւ ամեն ինչ լավ կլինի:

Վերջերս նաեւ մասնակցեցիք Եվրոպայի Մ23 առաջնությանը: Այստեղից մեդալներով վերադարձաք, ունեցանք նաեւ չեմպիոններ: Ի՞նչ է պակասում մեր հավաքականին խոշոր մրցաշարերում մեծ արդյունքների համար:

Բուլղարիայում անցկացված Մ23 Եվրոպայի առաջնության արդյունքներն էլ էին չկրկնվող՝ երկու ոսկի, երեք բրոնզ: Մենք համատեղ հավաքների ու միջազգային մրցաշարերի պակաս ունենք: Շատ պետք է համատեղ հավաքներ փորձենք ունենալ Ասիայի երկրների հետ, որպեսզի խոշոր մրցաշարերում ակնկալիքները մեծ լինեն եւ արդարացվեն: Եվրոպայում տղաների պայքարում առաջատարներից մեկն ենք: Պետք է փորձենք աշխարհում մեր դիրքերն ամրապնդել:

Այս մրաշրջանում հավաքականի անդամներից ումի՞ց եք գոհ, ումի՞ց՝ դժգոհ:

Գոհ եմ Դավիթ Չալոյանից, Ռաֆայել Հովհաննիսյանից, Գուրգեն Մադոյանից: Այս տարի մեծ ակնկալիքներ ունեի Նարեկ Մանասյանից: Երբ Եվրոպայի առաջնությունում դարձավ փոխչեմպիոն, մեծ հույս ունեի, որ Թաիլանդում կնվաճի ուղեգիր, բայց լավ չեղավ: Նա առաջատարներից էր: Շատ շնորհակալ եմ Բարեղամ Հարությունյանին. նա 35 տարեկան է, բայց բոլոր երիտասարդ բռնցքամարտիկներին գերազանցում է իր աշխատանքով, ցանկությամբ եւ ձգտոմով: Մյուս տղաները վատ չէին, բայց ինձ չեն գոհացրել:


Ի՞նչ խնդիր եք դրել Ձեր եւ թիմի առջեւ մրցաշրջան-2025-ում:

ԱԻԲԱ-ՄՕԿ խնդրի պատճառով դեռեւս չունեք 2025 թվականի մրցաշարային օրացույցը: Խնդիր եմ դրել շատ հաղթանակներ ունենալ եւ որքան հնարավոր է քիչ պարտություններ գրանցել: Դեռ չգիտենք, թե ինչ մրցաշարեր ենք ունենալու, աշխարհի առաջնություն կլինի, Եվրոպայի առաջնություն չի լինի, կամ աշխարհի գավաթ կլինի, տեղյակ չեմ: Ասում են, որ գուցե մարտին լինի աշխարհի առաջնությունը, գուցե նաեւ տղաների աշխարհի առաջնություն չանցկացնեն: Տարին կսկսենք Հայաստանի առաջնությունով, որը նախատեսում ենք անցկացնել հունվարի վերջ: