Սերգեյ Փարաջանովը՝ կինոյի հանճարեղ վարպետը, իր արվեստով գերազանցել է ժամանակի սահմաններն ու մշակութային տարանջատումները: Փարաջանովին ճանաչելու և հասկանալու համար բավարար չէ միայն ուսումնասիրել նրա ֆիլմերը, նկարներն ու կոլաժները: Իրական բացահայտման ճանապարհը նաև այն ֆիլմերն են, որոնք վերլուծում ու նորովի ներկայացնում են նրա կյանքն ու ստեղծագործությունը։ Այս տարի՝ Փարաջանովի 100-ամյակի առթիվ, ներկայացվեցին մի շարք նախագծեր, որոնց շարքում կարող եմ առանձնացնել Վիվյեն Բաստաջյանի՝ «Ավետարան ըստ Փարաջանովի» ֆիլմը։
Ֆիլմի ռեժիսորն ու մտահղացման հեղինակը Վիվյեն Բաստաջյանն է, իսկ սցենարի հեղինակները՝ Վիվյեն Բաստաջյանն ու Աստղիկ Սիմոնյանը։ Այս նախագիծը չի սահմանափակվում Փարաջանովի մասին կենսագրական փաստերի շարադրանքով։ Այն կինոգեղարվեստական մի փորձ է՝ բացահայտելու Փարաջանովին մարդու, ստեղծագործողի և ամենակարևորը՝ ցույց է տալիս, թե ինչու է Փարաջանովը համամարդկային։ Ֆիլմը առանձնանում է իր նորարար ռեժիսորական մոտեցումներով և հոգեբանական խորությամբ, ինչը այն եզակի է դարձնում։
«Ավետարան ըստ Փարաջանովի» ֆիլմը յուրօրինակ ճանապարհորդություն գլխավոր հերոսի՝ «Ոգու» միջոցով։ Այս կերպարը մարմնավորում է հենց ինքը՝ Վիվյեն Բաստաջյանը, խորհրդանշական կերպար է, ով հայտնվում է Սերգեյ Փարաջանովի թանգարանում՝ իբրև հետազոտող ու հայտնագործող։ Այս շրջագայությունը, որ կարծես մի անտեսանելի դռնից բացված լինի, հերոսին տանում է դեպի կոլաժների ու պատկերների մի յուրօրինակ , միստիկ աշխարհ։ Ճամփորդության ընթացքում թե’ ինֆորմացիոն, թե’ այլաբանական շեշտադրումներ են լինում Փարաջանովի մասին, ինչը էլ ավելի է խորհրդավոր դարձնում ֆիլմը։ Ֆիլմի ընթացքում մենք հասկանում ենք, թե ինչով է Փարաջանովի արվեստը վերածվում համամարդկային ժառանգության։ Այս ֆիլմը հիշեցնում է, որ Փարաջանովի արվեստը ապրում է ոչ միայն թանգարաններում կամ էկրաններին, այլև ամեն անգամ, երբ մենք մոտենում ենք նրա ստեղծագործություններին՝ նոր հարցերով և նոր հայտնագործություններով։
Հեղինակ՝ Դիանա Դեմիրճյան