«Հիդրոօդերեութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Լեւոն Ազիզյանը դեկտեմբերի 30-ի մամուլի ասուլիսում հերքել է լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, որ Երեւանում օդի աղտոտվածությունը հասել է համարյա կրիտիկական չափերի եւ վնասակար նյութերի խտության շեմը թույլատրելիից շատ բարձր է։


Ազիզյանը տեղեկացրել է, որ մոնիթորինգը մայրաքաղաքում իրականացվում է հինգ կայանների կողմից, չափվում են փոշու, ազոտի եւ ծծմբի երկօքսիդի, մերձգետնյա օզոնի խտությունները։

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 1-25-ին Երևանում փոշու խտությունը տարբեր հատվածներում գերազանցել է թույլատրելի շեմը 1,1-ից 1,7, բացառությամբ կենտրոնի, որտեղ այն հասել է 5,1-ի։

«Սա նպաստավոր չէ, բայց վնասակար էլ չէ եւ, իհարկե, կրիտիկական ցուցանիշ չէ։ Ազոտի ու ծծմբի երկօքսիդը չի գերազանցել առավելագույն թույլատրելի խտությունը»,- նշել է Ազիզյանը՝ ավելացնելով, որ ընդհանուր առմամբ ձմռանը տեղային հակացիկլոնի պայմաններում աղտոտվածությունն ավելանում է։ Այսինքն կուտակվում է՝ առաջացնելով երկրորդական աղտոտում։


«Երեւանում դա կարող է տեւել 90 օր։ Հենց այդպես էլ եղել է 2016թ. դեկտեմբերից մինչև 2017թ. մարտ, հետո աղտոտվածությունը 10 անգամ գերազանցել է առավելագույն թույլատրելի խտությունը»,- նշել է Ազիզյանը։

Նա նաեւ տեղեկացրել է, որ 2026թ. բյուջեում ներառված է երկու ռադիոլոկացիոն կայանների ձեռքբերում, յուրաքանչյուրը մոտ 2 մլն դոլար արժողությամբ։