Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության վերլուծության համաձայն, հիվանդների թիվը, որոնց մոտ քաղցկեղ է ախտորոշվել վաղ փուլում, Անգլիայում հասել է ամենաբարձր մակարդակի, հայտնում է PA Media-ն։
Վերջին տվյալները, որոնք վերաբերում են քաղցկեղի 13 ամենատարածված տեսակներին, ինչպիսիք են կրծքագեղձի, շագանակագեղձի և թոքերի քաղցկեղը, ցույց են տալիս, որ հինգ հիվանդից գրեթե երեքը ախտորոշվել են առաջին կամ երկրորդ փուլում, երբ քաղցկեղի բուժումն ավելի հավանական է: Առողջապահության ազգային ծառայությունը հայտնել է, որ այս նորությունը հետևանք է վերջին երկու տարվա ընթացքում անցկացված այն նախաձեռնության, որն ուղղված է միլիոնավոր մարդկանց բժշկական ստուգում անցնելու խրախուսմանը, որը կարող է փրկել նրանց կյանքը: Այս մարդկանց թվում են նրանք, ովքեր ավելի բարձր ռիսկի են ենթարկված ժառանգական գործոնների կամ ապրելակերպի պատճառով:
Տվյալները ցույց են տալիս, որ 2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի օգոստոսը քաղցկեղի տարածված տեսակների 58,7%-ը հայտնաբերվել է վաղ փուլում։
Առողջապահության ազգային ծառայությունը հայտարարել է, որ սա 2,7 տոկոսային կետով բարելավում է համարվում նախահամավարակային մակարդակի համեմատ, ինչը նշանակում է, որ ևս մոտ 7000 հիվանդ է ավելի վաղ ախտորոշվել:
Թոքերի առողջության նպատակային ստուգման (TLHC) և լյարդի առողջության պահպանման ծրագրերը Առողջապահության ազգային ծառայության ներկայացրած նախաձեռնություններից են, որոնք օգնում են քաղցկեղի ավելի շատ դեպքեր հայտնաբերել վաղ փուլում:
Այս ծրագրերի շրջանակում բարձր տեխնոլոգիական շարժական սկանավորող մեքենաներ և միկրոավտոբուսներ են ուղարկվում բնակավայրեր՝ առևտրի կենտրոններում, սպորտային մարզադաշտերում, մթերային խանութներում և սուպերմարկետների կայանատեղիներում մարդկանց խորը զննում իրականացնելու համար: Տվյալները ցույց են տալիս, որ ավելի քան 5000 մարդու մոտ թոքերի քաղցկեղ է ախտորոշվել TLHC ծրագրի միջոցով՝ 2019 թվականին դրա գործարկման պահից սկսած: