Օրերս Նկարչի տանը տեղի ունեցավ սկսնակ նկարիչ Տիգրան Ղևոնդյանի անհատական ցուցահանդեսը։ Նկարիչը ինքնուս է և նկարելը համարում է ինքնարտահայտման միջոց։ 

Ձեզ ենք ներկայացնում նկարչի աշխատանքներից մի քանիսը՝ վերջինիս մեկնաբանությամբ։ 

1)Նկարը կոչվում է «Զույգ»։ Երբ զույգը ձևավորված է, այն դառնում է մի ամբողջություն, դրա համար կնոջ և տղամարդու կիսադեմեր են պատկերված։ Նրանք գտնվում են ձվաձև մարմնի մեջ, իսկ ձուն, ինչպես հայտնի է, ամենաամուր կոնստրուկցիաներից մեկն է, որ արարել է մայր բնությունը։ Այն խորհրդանշում է իրական զույգի սիրո ամրությունը՝ պաշտպանված կյանքի ցանկացած հորձանուտներից։

2) Նկարը կոչվում է «Կյանքի ծաղիկներ»։ Միտքն առաջացել է «երեխաները կյանքի ծաղիկներն են» ռուսական արտահայտությունից։ Նկարի ստորին հատվածում պատկերված կանաչ բույսերը խորհրդանշում են ընտանիքներ, մանկատներ, տատ ու պապեր, մայրեր և հայրեր, ովքեր դաստիարակչության, կրթության առաջին աղբյուրներն են։ Դրանք ներկայացված են տարատեսակ ծաղիկների տեսքով, իսկ նրանցից պոկվող թերթիկները հենց իրենք` երեխաներն են, որոնք կերպարանափոխվում են փոքրատեսակ թռչունների, ապա ոչ հզոր թռչունների` դպրոցական, ուսանող, այնուհետև անցնելով ուսման և կյանքի փորձությունները՝ կայանում են որպես հզոր թռչուններ` արծիվ, ալբատրոս և բազե։

3) Նկարը կոչվում է «Ծնունդ»։ Այնտեղ պատկերված է հղի կին, որն իր արգանդում անգամ մանուկին գրկած է պահում ։ Այս խորհուրդը կնոջ ողջ կյանքում իր հետ է լինում․ մայրը նույնիսկ զառամյալ տարիքում գրկում, փայփայում, պաշտպանում է իր զավակին։ Նկարի միջոցով փորձում եմ երախտագիտությունս փոքր-ինչ հայտնել մորս, իմ ճանաչած բոլոր մայրերին, որոնց առաջ խոնարհվում եմ ընդմիշտ։

4) Նկարը կոչվում է «Իրականությունների բազմություն»։ Ոգեշնչվել եմ ֆանտաստիկ գրականություն ընթերցելիս և նույն ժանրի ֆիլմեր դիտելիս։
Նկարը պատկերելիս փորձում էի միաձուլված և միևնույն ժամանակ միմյանցից փոքր-ինչ տարբերվող նախշեր զետեղել, ինչի արդյունքում ծագեց պատկերը, որն ինձ հիշեցնում է «Միջաստղային ճամփորդություն» (անգլ՝․ Interstellar) գիտաֆանտաստիկ ֆիլմից դրվագներ։
Մենք բոլորս առօրյա կյանքում հանդիպում ենք տարբեր իրականությունների, երազներում տեսնում սեփական կյանքն այլ կերպ․․․

5) Նկարը կոչվում է «Առօրյա կյանք» , որտեղ պատկերված են մանկական խաղալիք, հեռուստացույց, ավտոմեքենա, դրամապանակ, թեյնիկ, սանր, կաթսա․․․ Դրանք բոլորն առօրյա կյանքում մեզ անհրաժեշտ իրեր են։ Նկարի միջոցով առաջարկում եմ դիտել այդ ամբողջն այլ տեսանկյունից, որը միգուցե թույլ տա կտրվել առօրյա իրականությունից, մի քիչ վեր ճախրել, այսինքն` գտնել հանդարտություն, գիտակցել, որ դրանք ընդամենը իրեր են և առօրյա երևույթներ, որ ուժեղ հոգու համար ցանկացած իրադրություն հաղթահարելի է։