«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը դեռ անորոշ է, բայց այսօր արտախորհրդարանական ուժերի՝ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը կքննարկվի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննարկմանը մասնակցելու են ԱԺ պատգամավորներ, նախաձեռնող խմբի ներկայացուցիչները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ նախաձեռնության հետագա ընթացքի համար՝ դրական եզրակացություն տալով դրան: Դեռ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը կտրուկ դեմ էր հանրաքվեին, այնինչ հիմա, փաստորեն, լրիվ այլ տրամադրություններ են:
Իսկ ինչո՞վ է պայմանավորված ՔՊ-ականների այս կտրուկ «կերպարանափոխությունը»: Իշխանամերձ աղբյուրների դիտարկմամբ՝ նախ իշխանությունները ընտրություններից առաջ չեն ուզում նոր հակառակորդներ ձեռք բերել՝ ի դեմս արտախորհրդարանական ուժերի, որոնք նախաձեռնել են այս գործընթացը: Բանն այն է, որ Փաշինյանն արդեն հաշվարկել է, որ ընտրությունների ցանկացած ելքի դեպքում իր սատելիտ արտախորհրդարանական ուժերը կարող են իրեն պետք գալ ու չի ցանկանում նրանց հետ թշնամություն անել՝ մերժելով նախաձեռնությունը: Սրանից բացի, իշխանության մյուս հաշվարկն այն է, որ հատկապես պատերազմից հետո մեր հանրության մեծ մասի հայացքներն ուղղված են դեպի Եվրոպա ու ընտրությունների այս գործընթացը սկսելը կամրապնդի իրենց դիրքերը:»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: