«Մեր հետագա զարգացման համար կարևոր է իրական Հայաստանի հայեցակարգը, կրթվելու և աշխատանքի միջոցով փոխվելու և վերափոխվելու հատկությունը»։ Այս մասին շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ մասին խոսել է դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։
«Պատերազմից հետո առերեսվել եմ այն իրականության հետ, երբ մենք հայրենիք ասելով տարբեր բաներ ենք հասկանում։ Սա մեզ համար ֆենոմենալ երևույթ է. և՛ հանրության, և քաղաքական շրջանակներում, և քաղաքական դիսկուսի և ծրագրերի մեջ հայրենիք ասվածը մեզ համար տարբեր ձևեր և չափեր ունի։ Իմ ընկալումն այն է եղել, որ այստեղ մենք ունենք հիմնարար խնդիր, և շատ դեպքերում սա է պատճառը, որ մենք չենք կարողանում կոնկրետանալ պետության կայացման օրակարգի վրա, որովհետև չենք արձանագրում՝ ո՞րն է այդ պետությունը, ի՞նչ պարամետրեր ունի այն։ Այստեղից է ծնվել իրական Հայաստանի հայեցակարգը»,–նշել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ հայրենիք ասելով պետք է հասկանալ միայն Հայաստանի Հանրապետությունը։ Փաշինյանը նշել է նաև, որ 3-րդ հանրապետության պատմության ընթացքում բազմիցս հնչել է «պետք է առաջնորդվել ազգային կամ պետական շահով» խոսույթը, սակայն ոչ ոք չի պարզաբանել, թե ինչ է դա իրենից ենթադրում։
«Ոչ մեկ չի ասել՝ ժողովուրդ, մեր պետական շահը ո՞րն է, իսկ ազգայինը ո՞րն է։ Իսկ ազգայինը և պետականը որևէ ձևով տարբերվո՞ւմ են իրարից, թե ոչ։ Մեր իրականության մեջ կա նաև հետևյալը, ազգ հասկացությունը ժողովուրդ հասկացությունից ինչո՞վ է տարբերվում։ Սա նույնպես ինձ համար դարձել է քաղաքական օրակարգի մաս, հարց, որին պետք է պատասխանել»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։