«Պետության և եկեղեցու հարաբերությունները՝ մի շարք նրբություններ հաշվի չառնելով, այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն. պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերի մեջ, եկեղեցին էլ՝ պետության գործերի մեջ»; Այս մասին շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը։
«2018 թվականին, երբ հեղափոխությունը տեղի ունեցավ, շատերն ինձնից պահանջում էին, ասում էին՝ Հայ առաքելական եկեղեցին պետք է նոր կաթողիկոս ունենա։ Ես հրապարակային էլ եմ ասել՝ ժողովուրդ, կառավարության ի՞նչ գործն ա՝ կաթողիկոսն ով կլինի։ Նախ, նա ամենայն հայոց կաթողիկոսն ա, ՀՀ կաթողիկոսը չի։ Չնայած բոլորը կասկածում էին, որ այդ դրսևորումները մենք ենք հրահրում, բայց դա իրականություն չէր։ Իրականությունն այն էր, որ եթե մենք կազմակերպեինք, 2018 թվականին շատ արագ արդյունքի կհասնեինք»,–նշել է Փաշինյանը։
Անդրադառնալով կառավարության և եկեղեցու միջև առկա խնդիրներին, Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ իր կարծիքով, եկեղեցին պետք է թափանցիկ գործի։
«Բոլորը կառավարությունից թափանցիկություն են պահանջում, ասա՝ ուր գնացիր, ինչ կերար, ում հետ կերար, ոնց շնչեցիր։ Եվ մենք համաձայն ենք դրա հետ, չենք ասում՝ չենք ասելու։ Ոչ միայն մենք, այլև մեր բարեկամները, դասարանցիները, նույնիսկ նրանք, ովքեր կյանքում մի անգամ մեզ բարև են տվել, պետք է լինեն թափանցիկ, իսկ եկեղեցին ինչու՞ պիտի թափանցիկ չլինի։ Երկրորդը՝ մենք ունենք օրենսդրություն, ասում ենք՝ երբ մի բան վաճառում ես, պետք ա ՀԴՄ կտրոն տաս։ Իսկ եթե վաճառում ես մոմ, ինչի՞ պետք ա չտաս ՀԴՄ կտրոն։ Ասում են՝ եկեղեցին ուզու՞մ եք հարկեք։ Մենք ուզում ենք, որ հայաստանում գործի հարկային օրենսդրությունը։ Բայց մենք պարտավորվում ենք եկեղեցուց գոյացած ամբողջ հարկը վերադարձնել եկեղեցուն, բյուջեում 0 կոպեկ կմնա։ Եթե պարզվի, որ լրացուցիչ ֆինանսավորում էլ ա պետք եկեղեցու գործունեությունը Հայաստանի տարածքում ապահեվելու համար, դրա մասին էլ կմտածենք»,–ասել է Փաշինյանը։