Գերմանիայի մայրաքաղաքում նախազգուշական գործադուլ է սկսվել Բեռլինի տրանսպորտային ձեռնարկությունների (BVG) աշխատակիցների կողմից։ Գործադուլը սկսվել է ժամը 03:00-ին եւ կտեւի մինչեւ հաջորդ օրը ժամը 03:00-ն։


Ինչպես նշել են BVG-ում, Բեռլինում չի գործի մետրոն, տրամվայներն ու ավտոբուսները չեն գործի երթուղիների մեծ մասում: Գործադուլը չի ​​ազդի շրջանային եւ մերձքաղաքային գնացքների վրա։ Ուղեւորների համար գործադուլի հետեւանքները մեղմելու նպատակով Բեռլինի որոշ շրջաններում կգործեն լրացուցիչ քաղաքային էլեկտրագնացքներ։

Գործադուլի կոչ է արել սպասարկման ոլորտի աշխատողների «Վերդի» արհմիությունը ։ Այն պահանջում է ամսական 750 եվրո աշխատավարձի բարձրացում BVG-ի մոտ 16 000 աշխատակիցների համար, լրացուցիչ վճար՝ 300 եվրո, հերթափոխի, 200 եվրո՝ գիշերային հերթափոխի համար, եւ 13-րդ աշխատավարձ՝ որպես Սուրբծննդյան պարգեւատրում: Ընդհանուր առմամբ, սա BVG-ի վրա տարեկան մոտ 250 մլն եվրո կնստի: «Վերդին» BVG-ին մեղադրում է «ձգձգումների մարտավարության» մեջ, քանի որ ընկերությունը կոլեկտիվ բանակցությունների առաջին փուլում առաջարկներ չի ներկայացրել։

BVG ընկերությունը նախապես տեղեկացրել էր, որ արհմիության պահանջները չափազանցված է համարում եւ նախազգուշական գործադուլը որակում է «անհամաչափ»։ Բեռլինի տրանսպորտի սենատոր Ուտե Բոնդեն մերժել է միության պահանջը՝ որպես չֆինանսավորվող։


«Ընդհանուր առմամբ, «Վերդին» պահանջում է տարեկան 250 մլն»,- ասել է նա RBB ռադիոկայանի եթերում: «Սա ֆինանսապես անշահավետ է թե՛ BVG-ի, թե՛ Սենատի համար»,- հայտարարել է քաղաքական գործիչը։

Հավաքական բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հունվարի 31-ին, իսկ արհմիության եւ BVG-ի միջեւ համաձայնագիրը պետք է ձեռք բերվի ապրիլի 10-ից ոչ ուշ։