Մեր բանակը փառավոր ճանապարհ է անցել, այն ձևավորվել է հայ ժողովրդի համար շատ բարդ, օրհասական, դժվարագույն պահին, երբ որ մենք կերտում էինք և Հայաստանի անկախությունը, և Արցախի ինքնորոշումը շրջափակման, մեզ պարտադրված պատերազմի, երկրաշարժի պայմաններում: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրղների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:


Նրա, խոսքով, բանակը պատվով կատարել է իր հիմնական խնդիրը՝ Հայաստանի ու հայ ժողովրդի համար երաշխավոր է եղել. «Բանակը դժվարագույն պահեր, զրկանքներ է ապրել, երբ որ միայնակ է եղել, լքված է եղել այսօրվա իշխանություններից, ազգակործան այն ղեկավարներից, որոնք գոնե 44 օրյա պատերազմի ընթացքում պետք է համախմբեին մեր ամբողջ ներուժը, մոբիլիզացնեին ողջ ժողովրդին և կարողանային որոշել հակառակորդի գլխավոր հարվածի ուղղությունը և տանեին, փակեին այդ ճեղքման ճանապարհը: Բանակը իր հրամանատարի, իր զինվորի հետ միասին իր պատվո մարտը միշտ էլ տվել է և միշտ էլ հաղթանակած է դուրս եկել: Մենք ամեն ինչ պետք է անենք և ժողովուրդը, եթե ոտքի կանգնի մենք երբեմնի բանակի փառքը վերականգնելու ենք և բանակը դեռ իր հուժկու հարվածը տալու է մեր հայրենիքի, մեր պաշտպանության համար»,-ասաց Օհանյանը:

Հարցին՝ իր նախարար եղած ժամանակ Արարատի և Արագածի դիսկուրսը իրեն խանգարե՞լ է արդիական զենք ձեռք բերել, ՊՆ նախկին նախարարը պատասխանեց. «Կեղծ օրակարգ է այն հակասությունը, որ այսօրվա իշխանությունները դնում են մեր պատմության առջև, ուրանում են նույնիսկ այն, ինչ որ իրականացվել է հայ ժողովրդի նկատմամբ: Երբևիցե մեր պատմության ու այսօրվա իրականության մեջ հակասություն չի եղել: Այսօրվա բանակը չափազանց երիտասարդ բանակ է, բայց բանակի կազմավորման ակունքներում մեր դարավոր պայքարի ոգին է, մեր ֆիդայինների ըմբոստ կեցվածքն է, մեր ռազմական գործիչների ռազմավարական միտքն է, օպերատիվ արվեստին տիրապետելն է, ի վերջո, ղարաբաղյան շարժման ժամանակ մեր մտավորականների և կամավորականների կուռ համադրված գործողություններն են:

Այսօր, օրինակ, նաև այսպիսի կեղծ թեզեր են առաջ նետում, որ մենք չենք արել, մեր փոխարեն են բանակը կառուցել, մեր փոխարեն ռուսներն են կռվել: Այդպիսի բան չկա: Մեզ աջակցել են մեր ռազմավարական գործընկերները, մեր հարևանները, բայց ռեալ մարտի դաշտում իրական գործողությունների մեջ եղել է հայը, հայ մարտիկը, հայ ժողովուրդն է եղել, ռեալ գետնի վրա հայկական բանակը կառուցել է հայ ժողովուրդը, միասնական կերպով»: