Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «ոչ լեգիտիմ» է և իրավունք չունի խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ, ասել է Վլադիմիր Պուտինը Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ Միաժամանակ Պուտինը չի բացառել ուկրաինական կարգավորման շրջանակներում Զելենսկու հետ բանակցությունների հնարավորությունը։ «Եթե նա ցանկանում է մասնակցել բանակցություններին, ես կնշանակեմ մարդկանց, որոնք կվարեն այդ բանակցությունները, խնդրեմ»,- ասել է նա։


Պուտինն ընդգծել է, որ վերջնական փաստաթղթի ստորագրումը պահանջում է բացարձակ իրավական ճշգրտություն։ Սա այն հարցն է, որը պետք է երաշխավորի թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի անվտանգությունը երկար պատմական հեռանկարում, հավելել է նա. «Այստեղ չի կարող լինել գեթ մեկ սխալ, ոչ մի կոպիտ կետ. ամեն ինչ պետք է հղկվի»։

Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի Սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահը, իբր, իրավունք չունի երկարաձգել իր լիազորությունները ռազմական դրության պայմաններում։ «Այնուհետև լիազորությունները փոխանցվում են Ռադայի նախագահին։ Դե, եթե ցանկություն կա բանակցել և փոխզիջումային լուծում գտնել, ով ուզում է՝ թող վարի այդ բանակցությունները»,- ասել է նա։

Երկրի ղեկավարը նշել է, որ ռուսական կողմը բանակցությունների ընթացքում իր համար բարենպաստ պայմաններ է փնտրելու, և իրավաբանները պետք է Մոսկվային հաստատեն այն մարդկանց օրինականությունը, որոնք Կիևի կողմից լիազորված կլինեն կնքել խաղաղության համաձայնագրեր։

Վլադիմիր Զելենսկու պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2024 թվականի մայիսի 20-ին, սակայն Ուկրաինայի Սահմանադրությունն արգելում է ընտրություններ անցկացնել ռազմական դրության պայմաններում։