Այսօր Նորք-Մարաշ վարչական շրջանում իսկական տոն էր:
Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում մարաշցիները տոնում էին իրենց տոնը:
Հավաքվել էին հին ու նոր մարաշցիները, քաղաքական գործիչներն ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչները:
Հալեպից Հայաստան տեղափոխված մարաշցի Մագի Քեշիշյանը YerevanNews.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենք ամեն տեղ մարաշցի են մասն գալիս և այս տոնն ամեն տարի Հալեպում մեծ շուքով նշել են: Եվ ահա այս տարի Քեշիշյանների ընտանիքը հենց Նորք-Մարաշում են նշում իրենց տոնը:
«Մենք 100 տոկոս հայ ենք, մարաշցի, չենք ուզում մոռանանք մեր Մարաշը, որպեսզի մեր գալիք սերունդն իմանա, որ մենք կիլիկիացի ենք և Կիլիկիայի մեջ հողեր ունենք»,-իր խոսքում նշեց Մագի Քեշիշյանը:
ՀՀ նախագահի եղբայր, Սիրիայում ՀՀ նախկին դեսպան Լևոն Սարգսյանն իրեն մարաշցի չի համարում, բայց սիրով մասնակցում է Մարաշի տոնին:
«Մարաշի հետ ես ծննդյան վայրով կապված չեմ, բավականին երկար տարիներ աշխատել եմ Սիրիայում և Մարաշ հայրենակցական միության հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ եղել: Այդ իսկ պատճառով պարբերաբար գալիս եմ և մեծ հաճույքով մասնակցում եմ: Ես ինձ մարաշցի չեմ համարում, ես ինձ մասամբ հալեպցի կարող եմ համարել»,-YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Սարգսյանը:
Նշենք, որ մինչ տոնական միջոցառման մեկնարկը, Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Մեծ Եղեռնի ժամանակ Մարաշում նահատակվածների հոգեհանգստյան արարողություն, իսկ աjնուհետև՝ Մարաշի վերածնության օրվան նվիրված «Ստեղծագործում է Նորք-Մարաշը» բացօթյա ցուցահանդեսի բացման արարողությունը: