«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննության արդյունքների մասին տեղեկատվությունը հանրությանը կտրամադրվի մոտ ապագայում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։
«Ադրբեջանի համապատասխան կառույցները շարունակում են Աքթաու քաղաքի մոտակայքում AZAL-ի ուղեւորատար ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությունը։ Մենք կարծում ենք, որ մոտ ապագայում մեր գործընկեր պետությունների հետ միասին հանրությանը մանրամասն տեղեկատվություն կտրամադրենք այս հարցի վերաբերյալ»,- ասել է Հաջիեւը։
Հունվարի 27-ին Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւը, ելույթ ունենալով գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում, ասել է, որ ներկայում Ղազախստանի եւ Ռուսաստանի դատախազությունների եւ այլ կառույցների հետ համատեղ շարունակվում են քննչական գործողությունները ինքնաթիռի կործանման իրական պատճառները պարզելու համար։ Նա ընդգծել է, որ ամենակարճ ժամկետում կապահովվի կոնկրետ արդյունքների ստացումը։