«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փետրվարի 3-7-ը կայցելի ԱՄՆ, որտեղ կմասնակցի Միջազգային կրոնական ազատության ամենամյա գագաթնաժողովին եւ Ազգային աղոթքի նախաճաշին: Գագաթնաժողովն կանցկացվի հինգերորդ անգամ, սակայն դրան գրեթե ոչ մի լուրջ երկրի ղեկավար չի մասնակցելու: Մեր տեղեկություններով, հայկական կողմը նախապես աշխատանքային հանդիպման խնդրանքով է դիմել Սպիտակ տան վարչակազմին, որ Փաշինյանն ԱՄՆ այցի օրերին կարողանա հանդիպել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Սակայն որեւէ պատասխան մինչ այս պահը դեռ չեն ստացել։
Փաշինյանի խոսնակը, սովորույթի պես, երեկ չպատասխանեց մեր զանգերին, որ ճշտեինք՝ հանդիպում լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Չնայած դրան, իշխանական որոշ շրջանակներ պնդում են, որ հանդիպումն անպայման կայանալու է՝ Սպիտակ տանը, փետրվարի 5-ին: Նշենք, որ Ազգային աղոթքի նախաճաշը հենց այդ օրն է նախատեսվում, եւ հնարավոր է, որ հենց այդ նախաճաշի ժամանակ էլ Փաշինյանը հաջողացնի կանգնել Թրամփի կողքին եւ անգամ լուսանկարվել: Հիմա նրա դիրքերը շատ խախուտ են` դրսի աջակցությունն անչափ կարեւոր է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում