ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում Հայաստանից արտահանումը կնվազի 80%-ով, և նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում հնարավոր չի լինի կորուստները փոխարինել այլընտրանքային ուղղություններով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայկական կողմի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2015 թվականից ի վեր Հայաստանից արտահանումն աճել է 10 անգամ, ընդ որում, հիմնականում ռուսական ուղղության հաշվին։ 2023 թվականին Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը հասել է 3,4 միլիարդ դոլարի։ Եվ դրանք ոչ թե լավություններ են, ոչ թե մարդասիրական օգնություն տիրոջից, այլ հայ արտադրողների ազնվորեն վաստակած գումարներ։ Սա խթան է Հայաստանի տնտեսության զարգացման համար»,- նշել է Զախարովան։
«Հայկական ապրանքները կկանգնեն ավելի բարձր մաքսատուրքերի առջև, որոնք բոլորը կհանգեցնեն ՀՆԱ-ի աճի տեմպերի կտրուկ անկման։ Օրինակ, ես կարծում եմ, որ սա է գլխավորը, որովհետեւ դա ուղղակի հարված է լինելու ոչ թե այսօրվա շահույթին ու եկամուտին, այլ զարգացմանը։ Եթե մենք խոսում ենք արտադրության մասշտաբի, Հայաստանի բնակչության մասին, ապա դա ուղղակի կարող է տոտալ աղքատացման հանգեցնել»,- ասաց դիվանագետը։