ԵՄ արձագանքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԵՄ անդամ երկրների ապրանքների մաքսատուրքեր սահմանելու որոշմանը կոշտ կլինի, գրել է Bloomberg-ը։

«ԵՄ-ը կոշտ պատասխան կտա ցանկացած առեւտրային գործընկերոջ, որն անարդար կամ կամայականորեն մաքսատուրքեր կսահմանի ԵՄ ապրանքների վրա։ Շատ բան կվտանգվի»,- գործակալությանն ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:


Նրա խոսքով՝ այս փուլում 27 անդամ ունեցող դաշինքը տեղյակ չէ ԵՄ ապրանքների որեւէ լրացուցիչ մաքսատուրքերի մասին։

Bloomberg-ի զրուցակիցը նշել է, որ մաքսատուրքերի կիրառումը «վնասակար է բոլոր կողմերի համար», եւ ափսոսանք է հայտնել Կանադայի, Մեքսիկայի եւ Չինաստանի համար մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշման հետ կապված։

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտնել է, որ իր կառավարությունը երկուշաբթի օրը կհայտարարի ամերիկյան ապրանքների վրա պատասխան մաքսատուրքերի մանրամասները:

«Վաղն առավոտյան մամուլի ասուլիսի ժամանակ ես ձեզ կտեղեկացնեմ առաջին քայլերի մասին, որը մենք կոչում ենք պլան Բ»,- ասել է նա տեսաուղերձում:

Շեյնբաումը ավելի վաղ ասել էր, որ ծրագիրը կներառի մաքսատուրքային եւ ոչ սակագնային միջոցներ, ներառյալ 25 տոկոս մաքսատուրք Մեքսիկայից ողջ ներմուծման համար:

«Մեքսիկան առճակատում չի ցանկանում։ Խնդիրները լուծվում են ոչ թե սակագներ մտցնելով, այլ բանակցություններով եւ երկխոսությամբ»,- նշել է պետության ղեկավարը։

Շեյնբաումը հերքել է Թրամփի վարչակազմի մեղադրանքները, թե Մեքսիկայի կառավարությունը կապեր ունի թմրակարտելների հետ։ Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգները քիչ բան է արել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ե՛ւ Մեքսիկան, ե՛ւ Կանադան պատասխան քայլեր են ձեռնարկելու ԱՄՆ-ում իրենց ապրանքների բարձրացված մաքսատուրքերի դեմ:

Կանադան 25 տոկոս մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ից 155 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների համար, լրագրողներին ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։