Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ի դեմս իր հոգևո դասի, միշտ իր ուժերի և հնարավորությունների առավելագույն չափով, ամեն բան անում է ի շահ Հայրենի երկրի, ի վայելումն հարազատ ազգի և ի զորացումն պետության: Այս մասին իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Պետք է հասկանալ, քաջ գիտակցել, որ մենք ունենք պետականություն և ինքնիշխան պետություն՝ յուր կարգով ու սարքով:
Առկա լրջագույն խնդիրների բարվոք լուծման և ազգային-պետական շահերի պահպանության ու պաշտպանության համար հարկ է, որ ի մի գան բոլոր պետական գործիչներն ու քաղաքական, հասարակական ուժերը: Որքա՞ն կարելի է պատերի ու ստվերների տակ ծվարած՝ ոչինչ չասող կոչեր և ուղերձներ հնչեցնել... Ամեն բան արժեզրկելու հետևանքը՝ ինքնաոչնչացումն է:
Հայոց Եկեղեցին իր աղոթքով, իր խոսքով, իր գործով անշեղ և հաստատակամ ընթանում է առաջ՝ պահելով ու պահպանելով հայ քրիստոնյա ինքնությունն ու արժեհամակարգը:
Եվ սա օրինակ է բոլորին՝ պարզ քաղաքացուց մինչև վերին պետական գործիչ. անանձնական կյանքով ապրելու և այս արևի ներքո սեփական դեմքով ու Հայրենիքով հարատևելու:
Շիտակ և փրկարար կլինի, որ ոմանք գնան և իրենց անձերի խղճի զանգակները հուժկու հնչեցնեն:
Աստված մեզ ապավեն և օգնական. թող օրհնյալ ու բազմարդյուն լինեն քաջ, հավատարիմ և անսակարկ գործող հայորդյաց մտքի, ձեռքի ու գործոց արարումներն ի պանծացումն Հայկազյան երկրի և պայծառություն հայոց ազգի: