«Իրավունք» թերթը գրում է. «Դեռեւս երկու տարի առաջ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը Ներքին գործերի նախարարությունից պահանջում էր արգելել պաշտոնյաների մեքենաների վրա ապօրինի ամրացված առկայծող փարոսիկները, այսպես կոչված, «միգալկաները»: Այն ժամանակ նա նշում էր, որ արդեն մեկ տարի է, դիմել է այդ պահանջով: Ավելին՝ «սպառնում» էր, որ եթե հարցը վերջապես չկարգավորվի, ինքն էլ է այդ փարոսիկներից դնելու իր մեքենայի վրա՝ դե թող փորձեն իրեն կանգնեցնել:


«Թող ինձնից չնեղանան իմ շատ հարգելի դիվանագետները, բայց ի՞նչ իրավունք ունի ԱՄՆ դեսպանին սպասարկող մեքենան կրել կարմիր եւ կապույտ առկայծող փարոսիկներ… Մեր դիվանագետներն ուրիշ երկրներում շատ օրինակելի վարքագիծ են դրսեւորում: Ես ակնկալում եմ, որ իրենք էլ մեր երկրում պետք է օրինակելի վարքագիծ դրսեւորեն: Ըստ Վիեննայի կոնվենցիայի ՝ պետք է հյուրընկալ երկրի բոլոր օրենքները պահպանվեն դիվանագետների կողմից»,- պնդում էր իշխանական պատգամավորը:

Եվ եթե հաշվի առնենք, որ ասվածից անցել է երկու տարի, ինքն էլ նշել էր, որ մեկ տարի է, ինչ դիմել էր պատկան մարմիններին այս հարցով, ստացվում է, որ երեք տարի է պատգամավորի խոսքը որեւէ մեկի համար «ասնավանի» չէ: Այս մասին է փաստում այն, ինչ օրերս մատնանշել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:

«Հետաքրքիր է՝ ԱՄՆ դեսպանին սպասարկող սպիտակ գույնի «Նիսսան Պատրոլ» 01D001ARM դիվանագիտական կարմիր համարներով մեքենան ի՞նչ հիմքերով է երթեւեկում գույնզգույն փարոսիկները միացրած եւ մգեցված ապակիներով: «Նառուշիլովկա՞» ունի դեսպանը, թե՞ այս հարցը կարգավորվել է հայ-ամերիկյան վերջին «դարակազմիկ» պայմանագրով», - հարց է բարձրացրել միջազգայնագետը:

Այսքանից հետո Թորոսյան Արսենին էլ ոչինչ չի մնում, քան «դուխ» հավաքել եւ անել այն, ինչի մասին զգուշացնում էր երկու տարի առաջ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում