Եվրամիության հետ մերձեցման գործընթացը թափ է հավաքում, բայց Հայաստանն առայժմ անդամակցության պաշտոնական հայտ չի ներկայացրել, «Известия»-ին տեղեկացրել են Եվրահանձնաժողովում։

«Հայաստանում ընթացող քննարկումները ցույց են տալիս Եվրամիության գրավչությունն ու նրա արժեքները։ ԵՄ եւ Հայաստանի հարաբերությունները երբեք այնքան սերտ չեն եղել, որքան այժմ։ Վիզայի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը եւ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում 10 մլն եվրոյի չափով աջակցությունը ցույց է տվել դա»,- նշվել է հայտարարությունում։


Բրյուսելում խոստացել են նաեւ հայ գործընկերների հետ քննարկել եվրաինտեգրման օրինագիծը։ Չնայած այն հանգամանքին, որ իրավաբանորեն ԵՄ-ին անդամակցության հարցը դեռ օրակարգում չէ, Հայաստանն արդեն գնում է դեպի միության հետ ավելի խոր գործընկերություն։