Ռուսաստանը չի դիտարկում ուկրաինական գազափոխադրման համակարգի միջոցով Եվրամիություն ադրբեջանական գազի փոխադրման հնարավորությունը։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
«Քննարկման ենթակա չէ»,- լակոնիկ հայտարարել է նա։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Ուկրաինան ուսումնասիրում է «Գազպրոմի» հետ տարանցման պայմանագրի ժամկետի ավարտից հետո իր տարածքով ադրբեջանական գազը ԵՄ տեղափոխելու հնարավորությունը։ Սակայն նման երթուղի իրականացնելու համար գազը պետք է գա Ռուսաստանի տարածքից։
Հունվարի 1-ից ռուսական գազի տարանցումն Ուկրաինայի տարածքով Եվրոպա ամբողջությամբ դադարեցվել է՝ Կիևի կողմից համապատասխան համաձայնագիրը երկարաձգելուց հրաժարվելու պատճառով։
Ավելի ուշ Reuters-ը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը մտադիր է շարունակել բանակցությունները ուկրաինական իշխանությունների հետ՝ ուկրաինական GTS-ով դեպի ԵՄ գազի փոխադրման շուրջ։ Նախատեսվում է, որ քննարկմանը կմասնակցեն նաև Հունգարիան և Սլովակիան։
Սլովակիայի արտաքին գործերի և եվրոպական գործերի նախարար Յուրայ Բլանարի խոսքերով, բանակցությունների շրջանակներում կարող է քննարկվել ադրբեջանական գազի ԵՄ տարանցման հարցը։