2024 թվականի ընթացքում հարկային հանցագործությունների հետ կապված քրեական գործերով 43 մլրդ դրամի վերականգնում է եղել: Բայց սա ամբողջը չէ: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 13-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ այս մասով և՛ համայնքային, և՛ պետական շահի պաշտպանության ոլորտներում կան լուծումներ:
«Ձևավորվել է պետական ինստիտուտ, որը դուրս է նախկին-ներկա տրամաբանությունից: Վերաբերում է բոլորին, բոլոր այն դեպքերին, երբ ապօրինի գույք է ձեռք բերվել, և այդ ապօրինի գույքի ձեռքբերման մեխանիզմ է ձևավորվել: Պետք է ուշադիր լինենք, որ այդ թվում միջազգային ատյաններում գնա, հաստատվի, ընկնի տեղը, որպեսզի լրացուցիչ խնդիրներ չառաջանան: Բայց փաստն այն է, որ ինստիտուտն այսօր աշխատում է»,- ասաց նա:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը թեմայի շրջանակում տեղեկացրեց, որ առանձին համայնքների մասով ևս կան վերականգնումներ: Օրինակ՝ երեկ Արարատի մարզի թվերն ամփոփելու արդյունքում պարզվել է, որ 2024 թվականի ընթացքում վերադարձվել է 9000 դոլարի չափով գույք և դրամական միջոց:
«Շատ կարևոր է, որ բոլոր գույքերը, որոնք վերադարձվում են համայնքին, չդառնան վարչական ծախս, այլ դառնան հանրային բարիք»,- ասաց Վարդապետյանը: