Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպումներից հետո ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողի կոչման չորս հավակնորդների։

Մրցանակին հավակնում են Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, պորտուգալական «Բենֆիկայի» հույն հարձակվող Վանգելիս Պավլիդիսը, հոլանդական «Ֆեյենորդի» բրազիլացի հարձակվող Իգոր Պայշաոն եւ Դորտմունդի «Բորուսիայի» գվինեացի հարձակվող Սերու Գիրասին։

Վինիսիուսը 2 գոլային փոխանցման հեղինակ էր դարձել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում, Գիրասին 2 գոլ էր խփել եւ 1 գոլային փոխանցում կատարել պորտուգալական «Սպորտինգի» հետ դիմակայությունում (3:0)։ Պայշաոն ու Պավլիդիսը դարձել էին հաղթական գոլերի հեղինակ։ «Բենֆիկան» հաղթել էր «Մոնակոյին» (1:0), «Ֆեյենորդը»՝ «Միլանին» (1:0)։

Փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումները տեղի կունենան փետրվարի 18-19-ին։