Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոյի հետ։
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ին, Ֆիդանը և Բարրոն հանդիպել են Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովի շրջանակում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը և քննարկել Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները։
Ֆիդանը ֆրանսիացի գործընկերոջն ասել է, որ Սիրիայում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար համատեղ ջանքեր են անհրաժեշտ։ Նա նշել է, որ Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունները չպետք է քննարկվեն ինքնության մասին բանավեճերի համատեքստում, այլ պետք է գնահատվեն փոխադարձ շահերի և արժանիքների հիման վրա։
Նախարարները մտքեր են փոխանակել նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի շուրջ։