ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը մերժել է Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու հնարավորությունը։ «Նախագահ Թրամփը մեծագույն գործարք կնքողն է, և նա խաղաղություն կբերի տարածաշրջանին՝ վերջ տալով Ուկրաինայում պատերազմին։ Ինչպես միշտ հայտարարել ենք, ամերիկյան ուժերը երբեք չպետք է վտանգի տակ դրվեն այնտեղ, որտեղ նրանք չեն առաջ տանում ամերիկյան շահերն ու անվտանգությունը: Այս պատերազմը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև է»,- նշել է նա։


Այսպես, Վենսը հերքել է իր հետ ավելի վաղ The Wall Street Journal-ում հրապարակված հարցազրույցը, որում ասվում էր, որ եթե Ռուսաստանը հրաժարվի Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագիր կնքել՝ երկարաժամկետ երաշխիքներով այս երկրի համար, ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ և նույնիսկ իր զինվորականներին ուղարկել Ուկրաինա։ «Կան ազդեցության տնտեսական լծակներ, կան, իհարկե, ռազմական գործիքներ, որոնք ԱՄՆ-ը կարող է օգտագործել Պուտինի դեմ»,- Վենսի խոսքերն են մեջբերում լրագրողները։

«Այն փաստը, որ Wall Street Journal-ը խեղաթյուրեց իմ խոսքերը այնպես, ինչպես արեցին այս հոդվածի դեպքում, անհեթեթ է, բայց զարմանալի չէ, քանի որ նրանք տարիներ են ծախսել՝ ձգտելով ավելի շատ ամերիկացի տղաներ և աղջիկներ զինվորական համազգեստով անհարկի մեկնեն արտասահման», - հայտարարել է Վենսն ի պատասխան Wall Street Journal-ի հրապարակմանը:

Ըստ ամերիկացի փոխնախագահի՝ ԱՄՆ իշխանությունները մտադիր են նախագահ Վլադիմիր Պուտինին համոզել, որ Ռուսաստանը կարող է ավելիին հասնել բանակցային սեղանի շուրջ, քան մարտի դաշտում, հայտնել է գերմանական Deutsche Welle պարբերականը։ Վանսը միաժամանակ հայտարարել է, որ եթե խաղաղ բանակցությունները հաջողությամբ պսակվեն, Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հարաբերություններում վերաբեռնավորում կսկսեն:

Քաղաքական գործիչը նշել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու պլանավորված գործարքը, որի մասին ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, «շատերին է ցնցելու»։ Միաժամանակ նա նշել է, որ բանակցությունների ընթացքում Թրամփը կարող է փոխել իր կարծիքը որոշակի հարցերի շուրջ։

Նախօրեին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը բացառել էր Ուկրաինայում ամերիկյան զորքերի տեղակայումը։ Նա նշել է նաև, որ Ուկրաինային իր 2014 թվականի սահմաններին վերադարձնելն անիրատեսական խնդիր է։