ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ամերիկացի գործարար Իլոն Մասկը կատակել է, որ ԱՄՆ-ում շատ վամպիրներ են ապրում՝ այդպիսով արձագանքելով սոցիալական նպաստ ստացող կենդանի ամերիկացիների տարիքային տվյալների աղյուսակին։
Ըստ աղյուսակի՝ ԱՄՆ-ում նպաստներ ստացողների թվում կան ոչ միայն 120-249 տարեկան մի քանի միլիոն ողջ ամերիկացիներ, այլեւ մեկ «երկարակյաց» 360-369 տարիքային խմբում:
«Սոցիալական ապահովության տվյալների բազայի համաձայն՝ սա յուրաքանչյուր տարիքային խմբի մարդկանց թիվն է, որոնց մահվան սյունակում գծիկ է դրված: «Միգուցե «Մթնշաղ» (ֆիլմը) իրական է, եւ կան բազմաթիվ վամպիրներ, որոնք նպաստ են ստանում», - գրել է Մասկը X սոցիալական ցանցի իր էջում:
Միլիարդատիրոջ գրառմանն արձագանքել է օգտատերերից մեկը՝ գրելով, որ նպաստ ստացողների թվում է, հավանաբար, վամպիր Էդվարդ Քալենը՝ գրող Սթեֆանի Մեյերի «Մթնշաղ» վեպի հերոսը։
«Չի երեւում, թե նա աշխատանք ունի»,- պատասխանել է Մասկն օգտատիրոջը։
DOGE-ում մեկնաբանել են Մասկի հրապարակումը Х սոցցանցում՝ տեղեկացնելով, որ հարցը կդիտարկեն։