ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն Աջափնյակում իր տունը կառուցել է Հրազդանի կիրճի եզրին: Այստեղից գեղատեսիլ տեսարան է բացվում, որը վայելելու համար պատգամավորը նաև հատուկ հանգստի տաղավար է կառուցել, գրում է «Հետքը»:
Հրազդանի կիրճի տվյալ տարածքը հայտնի է պատմամշակութային հուշարձաններով: Այստեղ են գտնվում «Աջափնյակ» 4 քարայրերը, որոնք ներառված են Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցուցակում։
Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծման ժամանակ հնագետները փորձել են հետազոտել պատմամշակութային հուշարձանների վիճակը, մասնավորապես` «Աջափնյակ» 4 քարայրերը, որոնք մետրոյի կայարանի կառուցման ազդեցության գոտում են: Նրանք արձանագրել են, որ «տարածքը խիստ դժվարամատչելի էր՝ քարանձավային համալիրի հարևանությամբ կառուցված տան պատճառով, որը, գործնականում, յուրացրել էր հուշարձանակիր տարածքի մի մասը և փակել դեպի քարայրեր տանող ուղիները, ձևափոխել լանդշաֆտը», ուստի քարայրերի նույնականացումը խիստ բարդ է եղել:
Google Earth-ի պատմական լուսանկարներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ դեռևս 2000 թվականին Փամբուկյանների տան տարածքն ամայի էր, 2005-ից սկսվում են նախապատրաստական աշխատանքները, 2008-ին տան մեծ մասն արդեն կառուցված է։
Հիշեցնենք, որ Հարություն Փամբուկյանը պատգամավոր էր ընտրվել դեռևս 1999-ին, 2006-ից նա սկսել է անդամակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Պատգամավոր եղել է մինչ 5-րդ գումարման ԱԺ ընտրությունները՝ մինչև 2012-ը։ Նա 2011թ․-ից արդեն տեղափոխվել էր ՌԴ՝ մշտական բնակության։
Կադաստրի կոմիտեից ստացված փաստաթղթի համաձայն՝ Ալիխանյան 14 հասցեն սեփականության իրավունքով պատկանում է որդուն` Էդգար Փամբուկյանին:
Էդգար Փամբուկյանը Հայաստանում մի շարք բիզնեսներ ունի, բայց առավել հայտնի է նրա բենզալցակայանների «Max Oil» ցանցը: Էդգար Փամբուկյանը «Մաքս Օիլ» ՍՊԸ-ում 100% մասնակցություն ունի, իսկ ընկերությունը պետգնումներով բենզին է մատակարարում պետական կառույցներին:
Կադաստրի կոմիտեի քարտեզների բաժնից երևում է, որ Փամբուկյանների տունն այլ պատկեր ունի, քան իրականությունն է: Ավելի մեծ է, ձախից փակել է ճանապարհը, իսկ դիմացից դուրս է եկել Էդգար Փամբուկյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքի եզրագծերից:
Կադաստրի կոմիտեից փորձեցինք տարբեր գրություններով հստակեցնել, թե այդ դուրս եկած հատվածն ինչ հիմունքներով է կառուցապատել և զբաղեցրել Փամբուկյանը, արդյոք ունի սեփականության կամ գրանցած այլ, օրինակ, վարձակալության իրավունք:
Նախ` Կադաստրի կոմիտեում նշված կադաստրային ծածկագրով գույք չհայտնաբերվեց, հետո, երբ բացատրեցինք, որ ծածկագիրն առկա է քարտեզում, հետևաբար, պետք է նաև դրա վերաբերյալ ինֆորմացիա լինի, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Գուգարացը պատասխանեց, որ կայքում փոփոխություններ են կատարվել, և այժմ քարտեզի ծածկագրով ևս հնարավոր է հարցում անել, վճարել և ստանալ տեղեկատվություն: Ինչը մենք արեցինք, վճարեցինք 5000 դրամ, որպեսզի այդ ծածկագրով տարածքի վերաբերյալ գրանցված որևէ իրավունքի մասին մեզ տեղեկություն տրամադրեն: Սակայն Կոմիտեից ստացանք տարօրինակ պատախան, որ «ըստ կադաստրային գործի տվյալների՝ նշված ծածկագրով գրանցված/գույքագրված/ անշարժ գույք չի հայտնաբերվել:
Աջափնյակ վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնից մեզ բացատրեցին, որ եթե նման գույք կամ որևէ իրավունք չի հայտնաբերվել, ապա այդ ծածկագրով գույքը կամ տարածքը համայնքային է, կարող է ճանապարհ լինել, սակայն նույնիսկ այդ պարագայում, եթե տվյալ տարածքը վարձակալած լինեին, պետք է օրինական գրանցված լիներ Կադաստրի կոմիտեում` որպես վարձակալության իրավունք: Եթե այդ ամենը չի արվել, պետք է չափագրում իրականացվի` պարզելու կառուցված շինության օրինականությունը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					