Լավ, ժողովրդից ի՞նչ եք ուզում, 700 հազար մարդ պետք է նստի, ընկնի հայտարարագրերի հետեւի՞ց: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ասում են՝ կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհ է: Կոռուպցիայի հետ ընդհանրապես կապ չունի: Կոռուպցիան պաշտոնական հանցագործություն է, պաշտոնյաներն այսօր էլ հայտարարագրում են, մեխանիզմներդ ուժեղացրու, վերահսկիր: Սա մեկ նպատակ է հետապնդում՝ մտնել ամեն մարդու գրպանը: Արդեն գրպանը չեն մտնում, մարդկանց ննջարանն են մտնում:

Սրա նպատակը մեկն է. իրենք տեսնում են տրանսֆերտների գումար Ռուսաստանից, այլ երկրներից, արդյունքում գույքագրելու են այդ քանակը եւ հարկեն: Հիմա ժողովուրդն իրենց համար հարկվելու, տուգանվելու մատերիալ է:

Եթե իրենց բառապաշարն օգտագործեմ, ինչ անում են, կոպիտ ասած, «Օպել» քշողների համար են անում, որը շատ վիրավորական արտահայտություն էր, բայց դա մտածելակերպ է:

Հայտարարագրման ամերիկյան մոդելը փորձում են կիրառել Հայաստանում, ինչը խայտառակություն է: Նույնիսկ Եվրոպայում այս մոդելը չի կիրառվում: Դու չես կարող մի մոդել վերցնես, եւ լրիվ այլ միջավայրում կիրառես: ԱՄՆ-ում նաեւ դատական համակարգ է գործում: Սա արհեստավարժության իսպառ բացակայություն է:

Իմ տպավորությունն է, որ որոշում կայացնողների մեջ մեկը չկա, որ գոնե մեկ ամիս բանվոր աշխատած լինի: Բանվորի ղադրը չգիտեն: Ես երեք տարի բանվոր եմ աշխատել, բետոնչիկ էլ եմ աշխատել: Այդ միջավայրում ապրել եմ, ի՞նչ եք ուզում էդ մարդկանցից»,-ասաց Քոչարյանը: