Եվրոպացի առաջնորդները Փարիզում արտակարգ գագաթնաժողով են անցկացրել՝ քննարկելու, թե ինչ անել Թրամփի վարչակազմի՝ առանց Եվրոպայի մասնակցության Մոսկվայի հետ բանակցելու պլանների հետ կապված։ Հանդիպումից հետո կոնկրետ որոշումներ չեն հայտարարվել, սակայն ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն հայտարարել են պաշտպանության ոլորտում ավելի շատ ներդրումներ կատարելու և Կիևին անվտանգության հուսալի երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտության մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Բանակցություններին մասնակցել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Դանիայի, Լեհաստանի, Նիդեռլանդների ղեկավարները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և Եվրամիության ղեկավարները։
«Պատրաստ է և լի ցանկությամբ. Սա իմ կարծիքն է այսօրվա Փարիզում կայացած հանդիպման մասին։ Եվրոպան պատրաստ է և ցանկանում է քայլ առաջ անել, դեկավարել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրումը։ Մենք պատրաստ ենք շատ ավելին ներդնել մեր անվտանգության համար։ Մանրամասները դեռ պետք է ճշտվեն, բայց պարտավորությունները պարզ են»,- սոցցանցում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Նույն բանի մասին գագաթնաժողովից հետո խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով կազմակերպել է հանդիպումը Փարիզում։ Նա հայտարարել է, որ եվրոպացիները պետք է «ավելի լավ, ավելի շատ և միասին» ներդրումներ կատարեն պաշտպանության ոլորտում այժմ և ապագայում:
«Դրա համար եվրոպացիները ցանկանում են արագացնել ինքնիշխանության, անվտանգության և մրցունակության ապահովման սեփական ծրագրի իրականացումը: Աշխատանքը կշարունակվի Եվրահանձնաժողովի առաջարկների հիման վրա՝ ինչպես Ուկրաինային աջակցելու, այնպես էլ մեր պաշտպանության ոլորտում զարգացման ու ներդրումների վերաբերյալ»,- ասել է Մակրոնը։
Նա նաև հայտնել է, որ Փարիզում կայացած բանակցություններից հետո զանգահարել է Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփին և Վլադիմիր Զելենսկուն։
«Մենք ձգտում ենք ուժեղ և կայուն խաղաղության Ուկրաինայում: Դրա համար Ռուսաստանը պետք է դադարեցնի իր ագրեսիան, և դա պետք է ուղեկցվի ուկրաինացիների համար անվտանգության ամուր և հուսալի երաշխիքներով։ Հակառակ դեպքում վտանգ կա, որ այս զինադադարը կավարտվի այնպես, ինչպես մինսկյան պայմանավորվածությունները»,- հավելել է Ֆրանսիայի ղեկավարը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Փարիզի գագաթնաժողովից հետո ասել է, որ հաջորդ շաբաթ կմեկնի Միացյալ Նահանգներ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկելու «երկարաժամկետ խաղաղության հիմնական տարրերը»։
Սթարմերը ասել է, որ առաջիկա օրերին կխոսի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, և սպասվում է, որ դրանից հետո եվրոպացի առաջնորդները ևս մեկ հանդիպում կանցկացնեն։
Նա ընդգծել է, որ ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է երաշխավորվի ԱՄՆ-ի կողմից։ «ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքները Ռուսաստանին Ուկրաինային կրկին հարձակվելուց հետ պահելու միակ արդյունավետ միջոցն են»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Սթարմերը նաև կրկնել է, որ կքննարկի Ուկրաինա բրիտանական զորքեր տեղակայելու հարցը, եթե կայուն խաղաղության համաձայնագիր ձեռք բերվի: