Բոլորը, նստած իրենց տեղերում, գնահատական են տալիս պատերազմի ժամանակ Տիրան Խաչատրյանի գործողություններին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով առաջին դատական նիստի ժամանակ նշեց նրա պաշտպան Արմեն Անդրիկյանը:
«Քննիչն իր աշխատասենյակում նստած, դատախազն՝ իր, փորձագետն՝ իր, փաստաբաններով մեր աշխատասենյակներում նստած վերլուծում ենք՝ «այ, որ սենց աներ, սենց կլիներ, սենց չաներ, սենց չէր լինի»։ Ժողովո՛ւրդ ջան, եթե մենք բոլորս կարողանում ենք գնահատական տալ Տիրան Խաչատրյանի ու մյուսների գործողություններին, ուրեմն մենք մեր մասնագիտությունը սխալ ենք ընտրել, պետք է գնայինք, մարտերը ղեկավարեինք ու հաջողություն ունենայինք, բայց իրականությունը լրիվ այլ է»,- հայտարարեց նա։
Տիրան Խաչատրյանի մյուս փաստաբանը՝ Վարազդատ Հարությունյանն էլ հայտարարեց, որ Խաչատրյանը վերջին պատերազմի ժամանակ օրհասական պահին ինքնաձիգը վերցրել ու մտել է կռվի մեջ. «Երկու ոտքից վիրավորվել է, լավ, հիմա պետությունը որոշակի պատասխանատվություն ունի՞ այս մարդու նկատմամբ, թե՞ չէ։ Ես պաշտպանական ճառ չեմ ասում, չեմ ասում արդարացրեք Տիրան Խաչատրյանին, դրա ժամանակն էլ է գալու, ես ասում եմ՝ միջին ծանրության հանցագործության մեջ մեղադրվող, երեք պատերազմների մասնակից, ահագին մեդալների, պատվոգրերի ու շնորհակալագրերի տիրապետող անձ, ազգի նվիրյալ զավակ, 5 տարի քննվող քրեական գործին ոչ միայն չխոչընդոտած, այլ իր գիտելիքներով, ցուցմունքներով ու փորձով օժանդակած անձ, որն իր խնամքին ունի կնոջը, կնոջ մորը, որը բռնի տեղահանվել է Արցախից, պետությունն ունի՞ պատասխանատվություն այս մարդուն ասելու՝ հարգելի պարոն Խաչատրյան, նախաքննությունն ավարտվեց, ըստ մեղադրանքի կողմի՝ մեղքը հիմնավորված է, շնորհակալություն, որ այսքան ժամանակ նստեցիք «Վարդաշեն» ՔԿՀ-ում, հիմա վեր կացեք, գնացեք տուն, գործի քննությունը շարունակվում է»:
Փաստաբանն ակնկալում է, որ դատարանը կլինի պետությունը ներկայացնող այն պաշտոնատար անձը, որը կտա հարցերի պատասխանը թե իրավական, թե բարոյական առումով, բայց՝ ճիշտ ու արարացի։
Նշենք՝ ըստ մեղադրական եզրակացության, Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանց ոչ պատշաճ կատարումը հանգեցրել է ԶՈՒ բանակային բնագծի՝ ԶՀԽ-ին վստահված հատվածի պաշտպանության ձախողմանը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն՝ է խարխլվել է զորքերի կառավարման համակարգը, խափանվել է ԶՀԽ-ին առաջադրված մարտական առաջադրանքի կատարումը, տապալվել է ՀՀ ԶՈՒ բանակային բնագծի՝ ԶՀԽ-ին վստահված հատվածի պաշտպանությունը։