ԵՄ-ն այլևս չի կարող հույսը դնել Միացյալ Նահանգների վրա՝ պաշտպանելու համար ընդհանուր շահերը և պետք է իր ձեռքը վերցնի իր պաշտպանությունն ու անվտանգությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունների հայտարարության մեջ՝ Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ֆոնին:
«Հաշվի առնելով վերջին հայտարարություններն ու իրադարձությունները, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած նախնական բանակցությունները, վերջին քաղաքական զարգացումները պարզ վկայում են, որ ԵՄ-ն և նրա անդամ երկրները, ցավոք, այլևս չեն կարող ամբողջությամբ ապավինել ԱՄՆ-ի կառավարությանն ընդհանուր արժեքներն ու շահերը պաշտպանելիս, սակայն ԵՄ-ն պետք է իր ձեռքը վերցնի դրանց պաշտպանությունն ու անվտանգությունը»,- ասված է փաստաթղթում։
Դրանում նշվում է նաև, որ անհրաժեշտ են հրատապ միջոցներ ռազմական ծախսերի ավելացման և օպտիմալացման համար:
«Անհրաժեշտության դեպքում ԵՄ-ի հասանելի գործիքների շրջանակում առկա բոլոր լուծումները, ներառյալ՝ բացառիկ հանգամանքների դեպքում, պետք է օգտագործվեն ԵՄ-ի զսպող կարողությունները և ռազմավարական ինքնավարությունը ուժեղացնելու համար», – ասված է փաստաթղթում: