Այսօր՝ փետրվարի 20-ին լրանում է Արցախյան շարժման 37-ամյակը:
1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար»:
Ի պատասխան արցախահայության ժողովրդավարական կամարտահայտմանը՝ Ադրբեջանը փորձեց բռնության միջոցով ահաբեկել ԼՂԻՄ բնակչությանը և ստիպել նրան հրաժարվել իր իրավունքների իրացման հարցադրումից:
1988 թ. փետրվարի 22-ին Աղդամում տեղի ունեցած ցույցից հետո տարբեր տվյալներով 2-3 հազար երիտասարդներից կազմված ադրբեջանցիների ամբոխը շարժվեց դեպի ԼՂԻՄ տարածքում գտնվող հայկական Ասկերան ավանը: Ամբոխը ճանապարհին ոչնչացնում էր եղած ամեն ինչ և կանգնեցվեց միայն Ասկերանի մերձակայքում ոստիկանության միջամտության շնորհիվ: Փետրվարի 27-29 Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում կազմակերպվեց հայ բնակչության կոտորած, որն ուղեկցվում էր սպանություններով, բռնաբարություններով, ջարդերով, կողոպուտով: Այնուհետև հայկական ջարդերի ալիքը տարածվեց Ադրբեջանի ողջ տարածքով մեկ:
Երևանում մեկնարկեցին լայնամասշտաբ հանրահավաքներ՝ ի սատարումն ԼՂ-ի բնակչության արդար պահանջի։ 1988 թ. մարտին Լեռնային Ղարաբաղում ստեղծվեց «Կռունկ» կազմակերպությունը, որը համակարգում էր Արցախի հայերի ազատագրական շարժումը։ 1988 թ. հունիսի 13-ին Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը կտրականապես հրաժարվեց բավարարել Լեռնային Ղարաբաղի հայության պահանջը՝ մարզը Ադրբեջանական ԽՍՀ-ից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին։ Երկու օր անց Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը համաձայնություն տվեց «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայկական ԽՍՀ կազմի մեջ ընդգրկելու կապակցությամբ»:
1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցավ հանրաքվե: Քվեաթերթիկում դրված էր հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»: Ընտրական ձայնի իրավունք ունեցող 132 328 հոգուց քվեարկությանը մասնակցեց 108 736-ը (82.2 %), 108 615 մարդ (քվեարկողների 99.89%-ը) «կողմ» քվեարկեց անկախությանը:
1992 թ. հունվարի 6-ին ԼՂՀ Գերագույն խորհուրդն ընդունեց ԼՂՀ պետական անկախության հռչակագիրը՝ դրանով իսկ օրենսդրորեն ամրագրելով ինչպես հանրաքվեի արդյունքները, այնպես էլ ավելի վաղ ընդունված այն իրավական ակտերը, որոնցով իրականացվում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքն ինքնուրույն որոշելու քաղաքական կարգավիճակը:
Փետրվարի 26-ի հանրահավաքին հայտարարվեց «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծման մասին։ Առաջին կազմը 9 հոգուց էր բաղկացած, ծագումով ԼՂ-ից գործիչներ, նաև կուսակցական ներկայացուցիչներ։ Սակայն որոշ ժամանակ անց արդեն «Ղարաբաղ» կոմիտեի կազմը փոփոխությունների ենթարկվեց, և 11 հոգանոց «Ղարաբաղ» կոմիտեն՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Մանուկյան, Համբարձում Գալստյան, Սամվել Գևորգյան, Ռաֆայել Ղազարյան, Սամսոն Ղազարյան, Ալեքսան Հակոբյան, Աշոտ Մանուչարյան, Վանո Սիրադեղյան, Դավիթ Վարդանյան կազմով առաջնորդեց անկախության շարժումը։