ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անընդունելի է համարում ատոմային զենքի կիրառումը եւ միջուկային տերությունների ակումբի ընդլայնումը։ Բացի այդ, նա կողմնակից է, որ ԱՄՆ-ը բանակցի Ռուսաստանի եւ Չինաստանի հետ միջուկային մարտագլխիկների քանակի կրճատման մասին: ԱՄՆ նախագահը դա հաստատել է չորեքշաբթի Մայամիի (Ֆլորիդայի նահանգ) ներդրումային համաժողովում, որը կազմակերպել է Սաուդյան Արաբիան։
«Երբեք չպետք է թույլ տալ, որ դա տեղի ունենա: Եթե դա տեղի ունենա, աշխարհը կոչնչացվի»,- ասել է Թրամփը միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին խոսելով։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ այլ երկրներ ունենան միջուկային զենք։ Ոչ միայն Իրանը»,- համոզված է ամերիկյան վարչակազմի ղեկավարը։
Նա վստահություն է հայտնել, որ իր առաջին պաշտոնավարման ընթացքում «շատ հաջող» շփվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միջուկային զենքի սահմանափակման եւ կրճատման հարցերում։ Թրամփը հիշեցրել է նաեւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ նախկինում ունեցած նման շփումների մասին։ «Ռուսաստանը եւ մենք ունենք ամենամեծ միջուկային [զինանոցները]՝ շատ առաջ անցնելով [միջուկային ակումբի մնացած երկրներից]: Չինաստանը մոտ չէ։ Բայց մոտ կլինի: Երեք-չորս կամ հինգ տարի հետո նա կհավասարվի»,- ասել է Թրամփը։
«Բայց մենք պատրաստվում էինք խոսել այդ մասին Չինաստանի հետ: Եվ ես շատ հաջող զրույց ունեցա այդ մասին նախագահ Սիի հետ: Կարծում էի, որ մենք կհասնենք միջուկազերծման։ Մենք պետք է [նաեւ] ինչ-որ բան ստանանք ոչ մեծ միջուկային տերություններից՝ երեք կամ չորս: Հավանաբար չորս: Մենք կարող էինք հասնել դրան: Ես շատ լուրջ բանակցություններ եմ վարել նախագահ Պուտինի հետ միջուկազերծման շուրջ»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Նա մանրամասներ չի ներկայացրել։