Գիտնականները եկել են եզրակացության, որ Մարսի՝ ներկայումս անապատային և բարձր ճառագայթման մակարդակով հայտնի մոլորակի վրա, նախկինում կարող էին լինել լողափեր։ Նախորդ հայտնագործությունները, ինչպիսիք են հովիտների ցանցերն ու նստվածքային ապարները, ցույց էին տալիս, որ Կարմիր մոլորակի վրա ժամանակին գետեր են հոսել, սակայն գիտնականները երկար ժամանակ վիճարկում էին՝ արդյո՞ք այնտեղ եղել են նաև օվկիանոսներ։
Այժմ նրանք պնդում են, որ ունեն նոր ապացույցներ այս գաղափարի օգտին․ Մարսի մակերեսի տակ հայտնաբերվել են հնագույն լողափեր։ Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հոդվածում գիտնականները ներկայացրել են, թե ինչպես են այս բացահայտումն արել՝ վերլուծելով Չինաստանի Zhurong մարսագնացի ստացած ստորգետնյա պատկերները։
Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ Մարսի հյուսիսային դաշտավայրերում ստացված արդյունքները նման են Երկրի ափամերձ տարածքներում գեոռադարի միջոցով ստացված արդյունքներին։ Երկու դեպքում էլ ենթամակերևութային շերտերում նկատվում են միևնույն անկյան տակ դեպի ցած թեքված շերտավոր կառույցներ, որոնք կարող են վկայել երբեմնի օվկիանոսի գոյության մասին։
Գիտնականները ենթադրում են, որ այս հնագույն մարսյան լողափն աստիճանաբար փոխել է իր դիրքը։ Հետազոտության ղեկավար դոկտոր Բենջամեն Կարդենասը նշել է, որ ստացված տվյալները ցույց են տալիս՝ ժամանակի ընթացքում ափը խորացել է օվկիանոսի մեջ։ Իրականում, այն առաջ է շարժվել առնվազն 1,3 կմ դեպի հյուսիս։ Կարդենասի խոսքով՝ այս բացահայտումը չափազանց հետաքրքիր է։
«Սա պարզ կառուցվածք է, բայց այն վկայում է այն մասին, որ այնտեղ պետք է լինեին մակընթացություններ, ալիքներ, մոտակայքում հոսող գետ, որը նստվածք էր բերում, և այս ամենը պետք է բավական երկար ժամանակ ակտիվ լիներ», – նշել է նա։
Թեև հետազոտողները նշում են, որ նման թեք շերտերը կարող էին ձևավորվել նաև այլ գործընթացների արդյունքում, նրանց կարծիքով՝ ստացված տվյալները չեն բացատրվում որևէ այլ բնական երևույթով։
«Մենք բացառել ենք հրաբխային, գետային և քամու առաջացրած ավազաթմբերի տարբերակները։ Այս բոլորը հաճախ հանդիպում են Մարսի վրա, բայց մեր հայտնաբերած կառուցվածքը չի համապատասխանում դրանցից ոչ մեկին», – ասել է Կարդենասը։
Նա հավելել է, որ այս բացահայտումն էական նշանակություն ունի Մարսի երբեմնի բնակելի լինելու հարցի ուսումնասիրության համար։
«Լողափը այն վայրն է, որտեղ ծանծաղ ջուրը շփվում է օդի և ցամաքի հետ։ Համարվում է, որ հենց նման պայմաններում է Երկրի վրա առաջին անգամ ձևավորվել կյանքը։ Ես կարծում եմ, որ սա հիանալի տեղ կլիներ հաջորդ մարսյան առաքելության համար, որը կփնտրեր երբեմնի կյանքի հետքեր», – նշել է նա։
Սակայն, եթե Մարսի ափը երբևէ ավազոտ էլ եղել է, այն հազիվ թե նմանվեր Երկրի լողափերին․ այնտեղ ոչ միայն չկային արմավենիներ ու ճայեր, այլ, ըստ Կարդենասի, հավանաբար, նաև բավականին սառն էր։