ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հանձնարարել է դաշնային գործակալություններին նախապատրաստել ծրագրեր՝ գրասենյակները Վաշինգտոնից երկրի այլ շրջաններ տեղափոխելու համար՝ ծախսերը նվազեցնելու նպատակով։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է The Washington Post (WP) թերթը։
Նրա տվյալներով՝ բոլոր դաշնային գերատեսչությունների ղեկավարները ծանուցում են ստացել Սպիտակ տան կառավարման եւ բյուջեի գրասենյակից եւ ամերիկյան կառավարության անձնակազմի վարչությունից։ Նրանց հանձնարարվել է ոչ ուշ, քան մինչեւ ապրիլի 14-ը ներկայացնել գրասենյակներն այլ շրջաններ տեղափոխելու ծրագրեր, որտեղ իրենց աշխատանքի ծախսերն ավելի քիչ կլինեն, քան Վաշինգտոնում:
Բացի այդ, ինչպես նշել է Associated Press-ը, Թրամփի վարչակազմը գերատեսչություններին հանձնարարել է մինչեւ ապրիլի կեսը կազմել անձնակազմի կրճատման պլաններ: Չորեքշաբթի ԱՄՆ նախագահը նաեւ հրամանագիր է ստորագրել, որով դաշնային գործակալություններից պահանջվում է ստեղծել վճարումների վերահսկման համակարգ՝ ծախսերը կրճատելու եւ արդյունավետությունը բարելավելու համար: