Փետրվարի 27-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները Ստամբուլում կառուցողական քննարկում են անցկացրել և նախանշել դիվանագիտական առաքելությունների աշխատանքի կայունացմանն ուղղված առաջին քայլերը։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության՝ հինգշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։


Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ ներկայացուցիչները «մտահոգություն են հայտնել» պայմանագրով նախատեսված բանկային գործառնությունների և ծառայությունների հասանելիության վերաբերյալ, ինչպես նաև հայտարարել են «Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան կադրային համալրման անհրաժեշտության» մասին։


«Կառուցողական քննարկումների միջոցով երկու կողմերն էլ նախանշել են կոնկրետ նախնական քայլեր՝ ուղղված այդ ոլորտներում առաքելությունների աշխատանքի երկկողմ կայունացմանը», - ասված է հաղորդագրությունում։ Այն ընդգծում է, որ կողմերը պայմանավորվել են շուտով «այդ հարցերին նվիրված հավելյալ հանդիպում» անցկացնել, որի ժամկետը կորոշվի ավելի ուշ։

ԱՄՆ Պետդեպարտամենտը նշել է, որ հինգշաբթի օրը կայացած հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի շփումների շարունակությամբ։ Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սոնատա Կուլտերը, որը վերահսկում է, մասնավորապես, ռուսական ուղղությունը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ ԱԳՆ Հյուսիսատլանտյան դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը։