Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է ներկայացնել Fastex Պրեմիեր Լիգայի ակումբների դիրքորոշումները ՀՖՖ-ի առաջարկների վերաբերյալ, որոնք վերաբերում էին Fastex Պրեմիեր Լիգայի ձևաչափին, Հայաստանում մարզված ֆուտբոլիստների հարցին, ԲԿՄԱ-ին, մրցավարությանը և այլն:

«Արարատի» դիրքորոշումը

Մեզ համար առաջարկված տարբերակներից առավել ընդունելի է Բ տարբերակը, քանի որ մենք կողմնակից ենք հնարավորինս շատ թիմերի ընդգրկմանը Բարձրագույն խմբում։ Մեր դիրքորոշման հիմքում այն համոզմունքն է, որ ավելի մեծ թվով թիմերի մասնակցությունն առաջին հերթին կնպաստի առաջնության բազմազանությանն ու մրցակցային միջավայրի ամրապնդմանը:


Մենք կցանկանայինք տեսնել 12 թիմով կազմավորված Պրեմիեր լիգա, ինչը մի շարք դրական հետևանքներ կունենա՝

Թիմերի միջև հանդիպումների քանակի օպտիմալացում՝ նվազեցնելով նույն մրցակիցների հաճախակի հանդիպումները,

Առանց ակումբների վրա լրացուցիչ պարտավորություններ դնելու, ավելի լայն հնարավորություն կստեղծվի հայ ֆուտբոլիստների մասնակցության քանակը մեծացնելու համար,

Առաջնության մրցակցային մակարդակի բարձրացում՝ ավելի մեծ թվով թիմերի ներգրավմամբ։

Հայաստանում մարզված համարվող ֆուտբոլիստներ

Ներկայիս իրավիճակում մենք նպատակահարմար չենք համարում ակումբներում Հայաստանում մարզված համարվող ֆուտբոլիստների քանակի արհեստական ավելացումը և կցանկանայինք, որպեսզի այդ ֆուտբոլիստների պարտադիր քանակը մեկնարկային կազմում լիներ երկու ֆուտբոլիստ։ Մենք այս հարցի լուծումը տեսնում ենք միայն վերը նշված առաջարկի միջոցով՝ առաջնությունում թիմերի թվի ավելացմամբ, այլ ոչ թե ակումբներին խիստ սահմանափակումներ պարտադրելու ճանապարհով։

Ավելին, մենք գտնում ենք, որ արհեստական քվոտաները ոչ միայն չեն նպաստի տեղացի ֆուտբոլիստների զարգացմանը, այլև կարող են նվազեցնել ընդհանուր մրցակցային մակարդակը, քանի որ առաջնային պետք է լինի ֆուտբոլիստի պրոֆեսիոնալիզմն ու մարզավիճակը։

ԲԿՄԱ-ի հարցը

Մենք կարծում ենք, որ ԲԿՄԱ-ի ներկայությունը հայկական ֆուտբոլում արհեստական մրցակցային անհավասարակշռություն է ստեղծում, խոչընդոտելով ակումբներին՝ 18-20 տարեկան հայ ֆուտբոլիստների հետ աշխատելու հնարավորության հարցում։ Շատ խոստումնալից խաղացողներ մերժում են մեր առաջարկները և նախընտրում են ԲԿՄԱ-ն՝ զինվորական ծառայության հարցի վերջնական լուծման և երիտասարդական հավաքականին մոտ լինելու հնարավորության պատճառով, ինչը սահմանափակում է նրանց հետ աշխատելու հնարավորությունը: Մինչդեռ մենք արդեն հաջող փորձ ունենք արտասահմանցի երիտասարդ ֆուտբոլիստներին զարգացնելու և եվրոպական ակումբներ տեղափոխելու հարցում և ցանկանում ենք նման հնարավորություն ստեղծել նաև հայ խաղացողների համար։

ԲԿՄԱ-ի մոդելը հակասում է ՀՖՖ-ի՝ ակումբներում հայ ֆուտբոլիստների թվի ավելացման քաղաքականությանը, քանի որ կենտրոնացնում է լավագույն տեղացի երիտասարդ խաղացողներին մեկ թիմում: Ավելի արդյունավետ կլինի, եթե զինվորական ծառայության հարցում արտոնություններ ստացած ֆուտբոլիստները մրցակցեն ակումբներում՝ փորձառու տեղացի և արտասահմանցի խաղացողների հետ, ինչը կապահովի նրանց պրոֆեսիոնալ աճը: Մեր ակումբի նպատակներից է օգտագործել մեր կապերն ու ռեսուրսները հայ տաղանդավոր ֆուտբոլիստների միջազգային կարիերայի համար ուղի բացելու համար, և մենք պատրաստ ենք նրանց տրամադրել այս հնարավորությունը, սակայն վերը նշված պատճառներով անհնար է մրցակցել ԲԿՄԱ-ի հետ հայ երիտասարդ ֆուտբոլիստներին ներգրավելու հարցում։