Իհարկե, կա այդ կարծիքը, որ 2018-ին կային տարբեր միջոցներ, նախ չհասցնել դրան, որ այդ ամենը ինչը լինի, եւ եթե նույնիսկ հասել է, այլ միջոցներ ձեռնարկել, թեկուզ ուրիշ թեկնածու առաջադրել, փորձել մինչև վերջ տանել դա։ Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի հայտարարությանը, թե եթե 2018-ին Ռոբերտ Քոչարյանը լիներ իշխանության, նա չէր հանձնի իշխանությունը խունտային:
«Սրանք կարծիքներ են, որ կարող են լինել, բայց այստեղ պատճառների մասին ենք մոռանում, թե ինչի՞ հասանք դրան: Ինչեր եղան, որը բերեց, հասցրեց այդ վիճակին։ Ես իսկապես չեմ ուզում սրա մեջ մտնել: Գիտեք, այս ձեր ասած այդ վեճը, որ սկսվել է, սրա հիմքում 2018 թիվը չի եղել բացարձակապես: Սրա հիմքում եղել է այն, որ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսից հետո ինչ-որ հարձակում է սկսել: Անկեղծ ասած ես չեմ հասկանում՝ պատճառը որն է եղել»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ երկու ընդդիմադիր ուժերի միջեւ դիմակայությունը ձեռնտու է իշխանություններին, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Մեր հիմնական նպատակը, բնականաբար, այս չարիքի իշխանությունից ազատվելն է: Այստեղ մի հատ շատ նուրբ գիծ կա, թե երբ պետք է արձագանքել և որտեղ է, որ պետք է մի կողմ դնել մնացած բաները: Մենք այս տարիների ընթացքում շատ հարցեր դրել ենք մի կողմ, չենք մտել դրա մեջ, չենք խորացել, վստահ եմ նաև մյուս կողմից է դա եղել, բայց հիմա այնպես ստացվեց, որ դրա արձագանքելու կարիք է առաջացել»:
Հարցին՝ ի վերջո, ո՞վ բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության, Լեւոն Քոչարյանը պատասխանեց. «Մեծ հաշվով իհարկե այն ալիքը, որ բարձրացավ 2018 թվականին, հենց դա բերեց Նիկոլ Փաշինյանին։ Հիմա կարելի է վերլուծել, թե ինչի բանը հասավ դրան, որ նման ալիք եղավ ընդհանրապես, ինչպես ստացվեց, որ այդ ալիքը ավելի վաղ շրջանում հնարավոր չէր օրինական ճանապարհներով դրա դեմն առնել: Սրանք հարցեր են, որոնք կարող են ունենալ տարբեր պատասխաններ ու տարբեր եզրակացություններ։ Ի վերջո, բոլորս հիշում ենք ինչ էր կատարվում փողոցներում, ինչ ճնշում էր բոլորի վրա, ով որ հանդգներ հանկարծ չմիանար այդ շարժմանը:
Հարցին՝ դուք մեղադրո՞ւմ եք հանրապետականներին Նիկոլ Փաշինյանի ընտրելու քվեները ապահովելու համար, նա արձագանքեց. «Ես շատ կուզեի, որ դա այդպես չլիներ: Այսօր տեսնելով այս իրականությունը, շատ ավելի կուզեի այն ժամանակ էլ ուզում էի ու ակնկալում էի, որ ուրիշ լուծում փորձեին գտնել այդ դժվար վիճակից դուրս գալու համար»: