Ուկրաինան ընդունել է 30 օր տեւողությամբ անհապաղ ժամանակավոր հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը։ Այս մասին ասվում է Սաուդյան Արաբիայում ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունների արդյունքներով Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հրապարակած հաղորդագրության մեջ։ Սակայն այդ քայլի իրականացման համար կպահանջվի Ռուսաստանի համաձայնությունը։
«Ուկրաինան իր պատրաստակամությունն է հայտնել ընդունելու ԱՄՆ-ի առաջարկը՝ 30-օրյա հրադադար մտցնելու մասին՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ երկարաձգելու հնարավորությամբ, պայմանով, որ Ռուսաստանը նույնպես համաձայնի և կատարի այդ պայմանները։ ԱՄՆ-ն Ռուսաստանին կհաղորդի, որ իր կողմից փոխադարձությունը խաղաղության հասնելու բանալին է»,- ասվում է հայտարարության մեջ։
Բացի այդ, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև քննարկումներից հետո որոշում է կայացվել վերսկսել ռազմական օգնությունը և փոխանակել հետախուզական տվյալներ։ «Միացյալ Նահանգները անհապաղ վերացնում է հետախուզական տվյալների փոխանակման դադարը և վերականգնում անվտանգության աջակցությունը»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ։
«Երկու պատվիրակությունները պայմանավորվել են որոշել իրենց բանակցող թիմերի կազմը և անհապաղ սկսել բանակցությունները՝ կայուն խաղաղության հասնելու համար, որը կապահովի Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգությունը։ Միացյալ Նահանգները պարտավորվել է քննարկել այս կոնկրետ առաջարկները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Ուկրաինական պատվիրակությունը ևս մեկ անգամ ընդգծել է խաղաղ գործընթացում եվրոպացի գործընկերներին ներգրավելու անհրաժեշտությունը»,- նշված է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Ուկրաինայի նախագահի կայքը հայտնում է, որ Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը պայմանավորվել են հնարավորինս արագ համապարփակ համաձայնագիր կնքել Ուկրաինայի կարևոր հանքային պաշարների զարգացման վերաբերյալ։ Համաձայնագիրը պետք է օգնի «ուժեղացնել Ուկրաինայի տնտեսությունը եւ ապահովել նրա երկարաժամկետ բարգավաճումն ու անվտանգությունը»:
«Մեր ուկրաինական առաջարկը ամերիկացիների հետ այս հանդիպման վերաբերյալ երեք բան էր՝ լռություն երկնքում՝ հրթիռներ, ռումբեր, հեռահար անօդաչու սարքեր և լռություն ծովում, և իրական միջոցներ՝ վստահություն հաստատելու ողջ իրավիճակում, որտեղ շարունակվում է դիվանագիտությունը, առաջին հերթին՝ գերիների ազատում։ Ամերիկյան կողմը հասկանում է մեր փաստարկները, ընդունում է մեր առաջարկները, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին մեր թիմերի միջև զրույցի կառուցողական բնույթի համար»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով բանակցությունների արդյունքները։
Նա ընդգծել է, որ Սաուդյան Արաբիայում շփումների ժամանակ ամերիկյան կողմն առաջարկել է «անհապաղ անել առաջին քայլը»՝ փորձել 30 օրով հրադադար հաստատել։ «Ոչ միայն հրթիռներ, անօդաչու սարքեր և ռումբեր, ոչ միայն Սև ծովում, այլև ողջ ճակատային գծի երկայնքով»,- պարզաբանել է պետության ղեկավարը։ Զելենսկին հավելել է, որ Կիևը դրական է համարում այս առաջարկը և պատրաստ է գնալ նման քայլի։
«Միացյալ Նահանգները պետք է համոզի Ռուսաստանին դա անել։ Այսինքն՝ մենք համաձայն ենք, և եթե ռուսներն էլ համաձայնեն, լռություն կտիրի»,- ասել նա։
Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթն իր հերթին ավելի վաղ նշել էր, որ երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը արդյունավետ է եղել, և ամերիկյան կողմը ստացել է «դրական նորություններ»։ «Այն լուրերը, որոնք մենք ստանում ենք այս հանդիպման մասին, և որոնք զեկուցվել են նախագահին, դրական են»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։